Եվրոպական ղեկավարությունն առաջարկում է ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլն անցկացնել եվրոպական մայրցամաքի երկրներից մեկում։ Ինչպես գրում է La Repubblica թերթը, դիտարկվում են Շվեյցարիան (Ժնևը), Նորվեգիան կամ Թուրքիայի եվրոպական հատվածը։
Թերթը նշում է, որ եվրոպացի դաշնակիցներն ականջալուր են եղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ «մոտ ժամանակներս լուծում գտնելու» ծրագրերի մասին հայտարարություններին և մտադիր չեն խոչընդոտել այդ որոնումներին։ Մասնավորապես, նրանք պատրաստ են դիտարկել անվտանգության հնարավոր երաշխիքները։ Միևնույն ժամանակ ԵՄ-ն շարունակում է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանել և մտավախություն ունի, որ ստիպված կլինի առաջարկել անվտանգության երաշխիքների «նորարարական» ձևեր՝ որպես ՆԱՏՕ-ին Կիևի անդամակցության այլընտրանք։ Դիտարկվող տարբերակներից մեկը, ըստ թերթի, շարունակում է մնալ Ուկրաինայի տարածքում որոշակի միջազգային կորպուսի ստեղծումը, որը, սակայն, բաղկացած կլինի ոչ եվրոպական երկրների զինվորականներից։ Ընդ որում, «ցանկացողների կոալիցիան» սահմանների վերահսկողություն կիրականացնի, բայց Ուկրաինայի սահմաններից դուրս, իսկ ՆԱՏՕ-ն պատասխանատու կլինի արբանյակների միջոցով վերահսկողության մեխանիզմի համար։ Այս հարցի շուրջ բանակցությունները բարդ կլինեն և շատ ժամանակ կպահանջեն, նշում է պարբերականը։
Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններն անցկացվել են Աբու Դաբիում նոյեմբերի 10-11-ին։ Ռուսական պատվիրակությունը գլխավորել է նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, ուկրաինականը՝ Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Ռուստեմ Ումերովը։
ԵՄ առաջնորդները նոյեմբերի 13-ին Դուբլինում կայացած գագաթնաժողովում կարողացել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի հետ տեխնիկական բանակցությունների համար հաստատել միայն բանակցողների նույն կազմը, որն Աբու Դաբի էր մեկնել որպես Կիևի աջակցության խումբ՝ «ԵՄ + Ե5» ձևաչափով (Եվրահանձնաժողովը և Եվրոպական խորհուրդը, ինչպես նաև «ցանկացողների կոալիցիայի» հինգ երկրները՝ Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Լեհաստանը և ԵՄ անդամ չհանդիսացող Մեծ Բրիտանիան)։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաստատել է եվրոպական երկրների՝ Ուկրաինայում հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններին մասնակցելու ցանկությունը։





























