Նոր Նորքում Տորք Անգեղի արձանի հարակից տարածքի շինարարական աշխատանքների երկրորդ փուլում ավարտվել են ամֆիթատրոնի և բեմի բետոնային աշխատանքները, բեմի սալիկապատման և սվաղման աշխատանքները։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 16–ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավորական հերթական խորհրդակցության ժամանակ նշեց զեկուցեց Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Մարատ Սևոյանը։

«Ամֆիթատրոնի 11 նստատեղերից աստիճանների 6–ի մասով սալիկապատման աշխատանքները ավարտվել են, իսկ 5–ի մասով ընթացքի մեջ են։

Ավարտվել են ֆուտբոլի դաշտի կառուցման, սարնանգույցների ներքին հարդարման աշխատանքները, իրականացվել են 460 գծամետր հենապատի կառուցման աշխատանքները, հողային աշխատանքների 85%-ը, տնկվել է 2600 ծառ, 8500 քմ տարածք ծածկվել է տոմետով, իրականացվել է հեղեղատար, կոյուղատար և ջրամատակարարման համակարգերի, այդ թվում 5050 մետր ոռոգման ցանցի անցկացման աշխատանքները։

Փորվել է խորքային հոր, տեղադրվել են անհրաժեշտ ջրային պոմպերը։ Կատարվել են արտաքին լուսավորության համակարգի անցկացման մոնտաժման աշխատանքները։

Կառուցվել է այգու ավտոկայանատեղին, կառուցվել են 13 կասկադային աստիճանավանդակները։ Աշխատանքները ընթացքի մեջ են»,–ասաց նա։

Իր հերթին քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց. «Իրականում սա բացառիկ նախագիծ է Երևան քաղաքի կանաչ տարածքներում իրականացվող աշխատանքների առումով, որովհետև հիմա նայում ես այս կադրերը ու հասկանում ես, որ այսքան կռիվ անիմաստ չես տվել այն կառուցապատված քոլիկների դեմ և տարատեսակ այդ դիմադրությունների դեմ և քննադատությունների։ Ուզում եմ նաև մեր մասնավորի գործընկերներին էլ շնորհակալություն հայտնել իրենց պատրաստակամության և ներդրման համար։ Սա «Նովել» ընկերությունն է իրականացրել՝ իր ֆինանսավորմամբ։ իրենք լավ ժողովուրդ են, կարող եք իրենցից նույնիսկ տուն գնեք»,– ծիծաղելով ընդգծեց Ավինյանը։

Նշենք, որ հենց այգու հատվածում՝ Նոր Նորքի 4–րդ զանգվածում, «Նովել» ընկերությունը մի քանի շենք է կառուցել, որն ավարտման փուլում է։