Հայաստանի փոխվարչապետ, հայ-քուվեյթական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Արմեն Գեւորգյանն այսօր` մայիսի 30-ին, ընդունել է Հայաստանում Քուվեյթի դեսպան Բասամ Մուհամմադ ալ-Քաբանդինին եւ Քուվեյթի քաղաքացիական ավիացիայի գլխավոր տնօրինության փոխտնօրեն Նաբիլ Աբդ ալ-Մոհսին ալ Զամիլին:
Վերջինս Հայաստանում է երկու երկրների միջեւ օդային հաղորդակցության հաստատման հարցեր քննարկելու նպատակով:
Հյուրերը փոխվարչապետին տեղեկացրել են հայաստանցի գործընկերների հետ բանակցությունների արդյունքների մասին` նշելով, որ քուվեյթական կողմը շահագրգռված է Հայաստանի հետ օդային հաղորդակցության հաստատմամբ:
Փոխվարչապետը եւս ընդգծել է, որ Հայաստանը կարեւորում է ուղիղ օդային կապի առկայությունը, ինչը կխթանի ինչպես երկկողմ առեւտրատնտեսական կապերի, զբոսաշրջության զարգացմանը, այնպես էլ միջպետական շփումների ակտիվացմանը:
Կողմերը հույս հայտնել են, որ տարվա ընթացքում արդեն որոշակի արդյունքներ կլինեն: Նշենք, որ 2011թ. Երեւանում կայացած հայ-քուվեյթական միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքում երկու երկրների կառավարությունների միջեւ օդային հաղորդակցությունների մասին համաձայնագիր էր ստորագրվել:




























