United Launch Alliance (ULA) ընկերության Vulcan Centaur հրթիռը չի կարողացել ուղեծիր դուրս բերել Amazon Leo նախագծի 40 ինտերնետային արբանյակները։ Արբանյակները կորել են, հայտնում է Space.com-ը։
Արձակումը տեղի է ունեցել նոյեմբերի 15-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 20:40-ին, Ֆլորիդայի Կանավերալ հրվանդանի SLC-41 արձակման համալիրից։ ULA-ն հաստատել է, որ թռիչքի 10-րդ րոպեին արտակարգ իրավիճակ է առաջացել։ Ընկերության հայտարարության համաձայն՝ առայժմ բավարար տվյալներ չկան՝ տեղի ունեցածի պատճառները պարզելու համար։
United Launch Alliance-ը Boeing-ի և Lockheed Martin-ի համատեղ ձեռնարկությունն է, նշում է Reuters-ը։ Գործակալության գնահատմամբ՝ վթարին կհաջորդի երկարատև տեխնիկական հետաքննություն, որի պատճառով Vulcan Centaur-ի թռիչքները կարող են կասեցվել մի քանի ամսով։ Դա կարող է խորացնել ԱՄՆ-ում հրթիռների արձակման հետ կապված խնդիրները, որոնք առաջացել են ոլորտում այլ վթարների և դժվարությունների հետևանքով։
Space.com-ի տվյալներով՝ սա Vulcan հրթիռով Amazon Leo նախագծի արբանյակների առաջին արձակումն էր։ Նախագիծը նախկինում հայտնի էր որպես Project Kuiper։ Amazon-ը նախատեսում է ստեղծել ավելի քան 3200 արբանյակից բաղկացած համախումբ՝ լայնաշերտ ինտերնետ տրամադրելու և SpaceX ընկերության Starlink համակարգի հետ մրցակցելու համար։ Մինչ այս առաքելությունն ուղեծիր էր դուրս բերվել Amazon-ի շուրջ 400 արբանյակ։
SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկն արձագանքել է անհաջող արձակման մասին ULA-ի հաղորդագրությանը՝ գրելով. «Ցավում եմ դա լսելու համար։ Հուսով եմ՝ շուտով կվերսկսեք թռիչքները»։





























