Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը չի հանգում տարածքային վեճի, ինչպես շատ հաճախ փորձում են ներկայացնել, այն արժեքների հարց է, անհատի ազատության, պատմական արդարության, եւ ժողովուրդների ինքնորոշման հարց է: Այս մասին DELFI-ին տված հարցազրույցում ասել է Լիտվայում հայաստանի դեսպան Արա Այվազյանը:

«Բոլոր այդ արժեքներն ընկած են ներկա Եվրամիության հիմքում: Այդ արժեքների ներդրման շնորհիվ Եվրոպայի տարածքում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հնարավոր եղավ կանխել հկամարտություններն ու պատերազմները»,-ասել է նա, հավելելով, որ Հայաստանի առաջնահերթություններից մեկը եվրոպական ինտեգրացիան է:

«Ցավոք, այդ արժեքները մերժվեցին եւ մեզ պատերազմ պարտադրվեց: Արդեն 18 տարի է հրադադար է կնքվել եւ մենք գտնվում ենք «ոչ խաղաղություն, ոչ պատերազմ» իրավիճակում: Այս իրավիճակի յուրահատկությունն այն է, որ շփման գծում միջազգային խաղաղապահ ուժեր չկան, իսկ ԼՂ խնդրի կարգավորման մանդատը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեռքում է»,-ընդգծել է հայ դեսպանը: