Երևանի «Արարատ» («Նոյ») կոնյակի-գինու-օղու կոմբինատի 15 արդեն նախկին աշխատակիցները բողոքի ակցիա են անում կառավարության մոտ՝ պահանջելով իրենց վերականգնել նախկին պաշտոններում։ Լրագրողների հետ զրույցում նախկին աշխատակիցներից Գերասիմ Գասպարյանը նշեց, որ աշխատանքից ազատման մասին ծանուցումը ստացել են սեպտեմբերի 10-ին, որով իրենց 2 ամիս ժամանակ է տրվել. «Բոլորս երկար տարիներ աշխատել ենք այդ գործարանում 10 տարի և ավել, բոլորս ունենք ներդրումը այդ գործարանում։ Հիմա բոլորիս կրճատման հիմունքներով հեռացրել ենք գործից։ Մենք խնդրում ենք կառավարությանը, որ այս հարցին պատշաճ լուծում տա։ Այստեղ խոսքը միայն 15 աշխատողների մասին չէ, նաև նրանց ընտանիքների, նրանց երեխաների։
Մեր համար ուղղակի անհասկանալի է այդ կրճատման հիմունքները, քանի որ մեզ կրճատելուց հետո նույն հաստիքները այլ կազմակերպությունով լրացվել է։ Անելանելի վիճակում ենք բոլորս հայտնվել։ Երբ երկար տարիներ մի տեղ աշխատում ես, դրանից հետո այլաշխատանք գտնելը մի քիչ դժվար է։
Հիմա մենք նոյեմբերի 11–ին ՀՀ վարչապետին և իր աշխատակազմին դիմում–բողոք ենք ուղարկել, որտեղ մեր խնդրանքը և պահանջը ներկայացրել ենք։ Ակնկալում ենք կառավարությունից, վարչապետի աշխատակազմից հանդիպում, քանի որ այն ինչ գրված է մեր դիմում–բողոքի մեջ, բոլոր փաստերը չեն, կուզենայինք հանդիպում, թեկուզ փակ դռների հետևում։
Նաև առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին էլ ունենք դիմում–բողոք ուղարկած, դեռպատասխան չունենք։ Ընդհանուր առմամբ մենք ակակալում ենք ադեկվատ և ճիշտ որոշում կառավարության կողմից»,–ասաց նա։
Գործարանի անվտանգության հարցերով փոխտնօրենի նախկին տեղակալ Գևորգ Պողոսյանի խոսքով՝ երբ նոր կառավարիչները եկել էին, իրենց ոսկե սարեր էին խոստանում, բայց եղավ լրիվ հակառակը։
«Առաջին հանդիպումն այն էր, որ «դիմում գրի, գործից ազատվի»։ Ես հարցրեցի՝ ինչի՞ համար, 16 տարի աշխատել եմ։ Ասեցին՝ ֆոնդի կրճատում է, աշխատողների կրճատում․․․ Բանից պարզվեց՝ հաստիքների կրճատում չի, անձնավորված է։ Բոլորիս գործից հանում են, մեր տեղը բերում են ինչ-որ «Քինգ Մարշալ» ընկերության աշխատակիցների․․․ Նոյեմբերի կեսն ա, ձմեռ ա դեմը։ Մեկը հիվանդ մայր ունի, մեկը հիփոթեք ունի, պատերազմի մասնակից ունենք ստեղ, ոչ մի բան հաշվի չառան»,- նշեց Պողոսյանը։
Նրա խոսքով՝ առաջնահերթ հենց անվտանգության աշխատակիցներն են թիրախավորվել։ Արդեն նախկին աշխատակիցները դիմում-բողոքներ են ուղղել կառավարություն և տեսչական մարմին։ 15 աշխատակիցները հույս ունեին հանդիպում ունենալ կառավարության որևէ ներկայացուցչի հետ, սակայն պարզվեց՝ այսօր նրանց ոչ ոք չի ընդունելու։ Դիմում-բողոքը զեկուցման փուլում է, խոստացել են վաղը մինչև կեսօր պատասխան տալ։
Հիշեցնենք` հուլիսի 6-ին իրավապահները մտել են ԲՀԿ–ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն, նաև «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող ձեռնարկություններ և խուզարկություններ են իրականացրել Ընկերությունների դռները կապարակնքվել են, և աշխատանքը դադարեցվել է։
Ծառուկյանը ձերբակալվել է, ապա կալանավորվել երկու ամսով։ Նա և ևս մեկ անձ մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ:
Հուլիսի 16-ին հայտնի դարձավ, որ «Արարատցեմենտը» հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը, «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին, իսկ դատախազությունը պահանջում է Ծառուկյանից բռնագանձել 75 անշարժ գույք և շուրջ 106 մլրդ դրամ։
Արդեն օգոստոսին էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ Երևանի «Արարատ» կոնյակի–գինու–օղու կոմբինատի կառվարիչ է նշանակվել Գարիկ Բոշյանը։





























