3-րդ դասարանի «Գրական ընթերցանություն» դասագրքում Ալեքսանդր Պուշկինի «Ձմեռային երեկո» բանաստեղծությունը տպագրվել է առանց այն քառատողի, որտեղ բանաստեղծը դայակին առաջարկում է «վշտից խմել»։ Մասնավորապես, ուսումնական ձեռնարկից դուրս են մնացել հետևյալ տողերը. «Выпьем, добрая подружка / Бедной юности моей, / Выпьем с горя; где же кружка? / Сердцу будет веселей» («Ա՛յ իմ խեղճ ու պատանեկան / Օրերի քաղցր ընկեր, / Խմե՛նք դարդից, բաժակն ո՞ւր է. / Սըրտերս բացվի մի քիչ»)։ Խոսքը «Գրական ընթերցանություն. 1–4-րդ դասարաններ» շարքի դասագրքի մասին է, որը հրատարակվել է 2023 թվականին և ներառված է տարրական ընդհանուր կրթության դաշնային ծրագրում։

Կրճատման վրա ուշադրություն է հրավիրել «Ֆոնտանկա» պարբերականի ընթերցողներից մեկը։ Նրա խոսքով՝ երեխային հանձնարարել էին անգիր սովորել բանաստեղծությունը, և «երբ հասանք այդ հատվածին, որդիս սկսեց պնդել, որ դասագրքում նման տողեր չկան»։ «Գնացինք մեքենայից բերեցինք դասագիրքը, և իսկապես չկար։ Հիմա Պուշկինն էլ առաջվանը չէ»,- պատմել է ընթերցողը։ «Պրոսվեշչենիե» հրատարակչությունից հայտնել են, որ մանկական դասագրքերը կազմելիս հաշվի են առել «Երեխաներին նրանց առողջությանն ու զարգացմանը վնաս պատճառող տեղեկատվությունից պաշտպանելու մասին» օրենքի պահանջները։ Այն արգելում է անչափահասների շրջանում այնպիսի տեղեկատվության տարածումը, որը «կարող է նրանց մոտ ալկոհոլ օգտագործելու ցանկություն առաջացնել»,- նշել են հրատարակչությունում։

Պուշկինը «Ձմեռային երեկո» բանաստեղծությունը գրել է 1825 թվականին, երբ աքսորված էր Պսկովի նահանգի Միխայլովսկոյե կալվածք։ Բանաստեղծությունն ուղղված է նրա դայակին՝ Արինա Ռոդիոնովնային։ Ստեղծագործությունն առաջին անգամ հրատարակվել է 1829 թվականին։

Մինչ այդ էլեկտրոնային հարթակները՝ թմրանյութերի «քարոզչության» արգելքի մասին օրենքի շրջանակում, սկսել էին զանգվածաբար հատուկ մակնշման ենթարկել ռուս դասականների, այդ թվում՝ Պուշկինի, Նիկոլայ Գոգոլի և Իվան Տուրգենևի գրքերը։ Համապատասխան նախազգուշացնող նշումներ են հայտնվել «Լիտրես»-ում, «KION Ստրոկի»-ում (ՄՏՍ-ի նախագիծը), ինչպես նաև Ozon-ի առանձին ապրանքաքարտերում։ Ի թիվս այլ գործերի՝ մակնշման է ենթարկվել Պուշկինի՝ 1814–1836 թվականներին գրված բանաստեղծությունների ժողովածուն։ Գոգոլի գործերում արգելված նյութերի հիշատակումներ են գտել «Քիթը», «Վիյ» և «Շինել» վիպակներում, իսկ Տուրգենևի մոտ՝ «Ասյա» վիպակում և «Հայրեր և որդիներ» վեպում։ Նման մակնշում է դրվել նաև Լև Տոլստոյի մանկական պատմվածքների ժողովածուի, Միխայիլ Բուլգակովի «Վարպետը և Մարգարիտան», «Սպիտակ գվարդիա» վեպերի և «Մորֆի» վիպակի վրա։

Գրականության, կինոյի, ԶԼՄ-ների և համացանցի տիրույթում թմրանյութերի «քարոզչության» արգելքի մասին օրենքն ուժի մեջ է մտել 2026 թվականի մարտի 1-ից։ «Քարոզչություն» ասելով՝ հասկացվում է «թմրանյութերի արտադրության, պահպանման, առաքման, իրացման եղանակների ու ձեռքբերման վայրերի, ինչպես նաև թմրամիջոցների օգտագործման գրավչության և արդարացման մասին տեղեկատվության տարածումը»։ Խախտման համար նախատեսված տուգանքները կազմում են 2 հազարից մինչև 1,5 միլիոն ռուբլի։

Մակնշման ենթակա են այն ստեղծագործությունները, որտեղ թմրանյութերը, հոգեմետ նյութերը, թմրամիջոց պարունակող բույսերն ու դրանց համարժեքները ծառայում են որպես «ժանրով արդարացված և գեղարվեստական մտահղացման անբաժանելի մաս»։ Ընդ որում, մինչև 1990 թվականի օգոստոսի 1-ը լույս տեսած հրատարակությունների վրա այս պահանջները չեն տարածվում։