Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է։ Հենց այդպես է ամրագրված Սահմանադրությամբ։ Բայց արդյո՞ք դա համապատասխանում է իրականությանը։ Պատասխանը չափազանց պարզ է՝ ոչ, չի համապատասխանում։ Այս մասին նոյեմբերի 16-ին Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական սկզբունքներից նահանջը, քաղաքական հետապնդումների ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանությունն ու իրավական երաշխիքները» թեմայով լսումների ժամանակ հայտարարել է խորհրդարանի ընդդիմադիր փոխխոսնակ, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

«Հայաստանում արժեհամակարգը շարունակում է գտնվել էվոլյուցիոն զարգացման փուլում։ Բայց ո՞րն է ամենակարևորը։ Քաղաքական թիմը, որը պատասխանատվություն է կրում վերջին ինը տարիների ընթացքում տեղի ունեցող ամեն ինչի համար, խոստացել էր դառնալ արատավոր բարքերի դեմ պայքարի առաջամարտիկը։ Եթե ժողովուրդը քեզ վստահություն է հայտնել, դա պետք է ենթադրի նաև համապատասխան պատասխանատվություն։ 2018 թվականի հանրային ընկալումն ամենևին էլ այն չէր, որ 2026 թվականին մենք պետք է ունենայինք ռեկորդային թվով քաղբանտարկյալներ։ Ընդհակառակը՝ ակնկալիքներն այն էին, որ Հայաստանում ընդհանրապես քաղբանտարկյալներ չլինեն։ Սեփական սխալների գիտակցում և ընդունում պետք է լինի, սակայն դա տեղի չի ունենում», - ասել է Վարդևանյանը։

Նրա խոսքով՝ իշխանություններն այսօր անմեղության կանխավարկածի հիմնական խախտողն են, մինչդեռ իրականում ամեն ինչ պետք է հակառակը լիներ։

Ինչպես նշել է ԱԺ փոխխոսնակը, Հայաստանին փոփոխություններ են անհրաժեշտ, իսկ այդ փոփոխությունների ճանապարհին՝ հասարակության համախմբում և ատելության ու վիրավորանքի մթնոլորտի հաղթահարում։

«Ես հասկանում եմ ձեզնից շատերի արդարացի վրդովմունքը։ Հասկանում եմ, որ ձեզնից շատերի, այդ թվում՝ իմ սիրտը ցավից պատռվում է որոշ հարցերի, որոշակի արձագանքների և հնչող արտահայտությունների պատճառով։ Բայց մենք իսկապես պետք է սահման գծենք։ Այս իշխանությունը սնվում է ատելությամբ։ Եկեք չսնենք այդ ատելությունը», - կոչ է արել ընդդիմադիր գործիչը՝ դիմելով ներկաներին և առհասարակ հայրենակիցներին։