Audi-ն լուռ և առանց որևէ հայտարարության դադարեցրել է ներկայացուցչական դասի A8 սեդանի արտադրությունը։ Մոդելի վերջին օրինակները հոսքագծից դուրս են եկել դեռ հոկտեմբերի կեսերին։ Ընդ որում, ապրանքանիշի հայրենիքում՝ Գերմանիայում, A8-ի պատվերների ընդունումը դադարեցվել էր 2026 թվականի փետրվարին։
Նեկարսուլմում գտնվող ընկերության գործարանը, որտեղ Audi A8-ն արտադրվել է իր գոյության բոլոր 32 տարիների ընթացքում, այժմ գործում է միայն Audi A5 սեդանների և ունիվերսալների արտադրության շնորհիվ։
Շուտով Նեկարսուլմի գործարանը ևս կարող է փակվել։
Կշարունակվի՞ արդյոք Audi-ի ներկայացուցչական դասի խոշոր ավտոմեքենաների արտադրությունը Եվրոպայից դուրս՝ հստակություն չկա նույնիսկ բուն Volkswagen AG կոնցեռնում՝ հակառակ եվրոպական ավտոմոբիլային լրատվամիջոցների լավատեսական հաղորդագրությունների։
Audi A8-ը արդյունաբերող Ֆերդինանդ Պիխի բազմաթիվ հավակնոտ նախագծերից մեկն էր։ Նա Volkswagen-ի հիմնադիր և սեփականատեր Ֆերդինանդ Պորշեի ժառանգն էր և 1980-ականներին ղեկավար պաշտոններ էր զբաղեցնում Audi-ում, հայտնում է Drom.ru-ն։ 1994 թվականին թողարկված A8-ն աշխարհում առաջին խոշորասերիական ավտոմեքենան էր, որի թափքի կրող կառուցվածքն ամբողջությամբ ալյումինից էր։ Հետագայում մոդելը երեք անգամ սերնդափոխվեց։ 2017–2026 թվականներին արտադրված D5 շարքի A8-ը մոդելի չորրորդ սերունդն է։





























