19 երկրներ, Հորդանանում, «Անհամբեր առյուծ» անվանումը կրող համատեղ վարժանքների ընթացքում Սիրիայի զանգվածային ոչնչացման զենքերի զինանոցները գրավելու պլան են մշակել:

Ամերիկյան բանակի պաշտոնական ներկայացուցիչները հայտարարել են, որ գործողության ընթացքում պարտիզանական եւ հակապարտիզանական գործողությունների մարտավարություն է մշակվել: Միաժամանակ, ինչպես հայտնել են Al Quds Al Arabi թերթի դիվանագիտական աղբյուրները, վարժանքների ժամանակ զորքերին հանձնարարվել է գրավել զենքի պահեստները եւ պաշտպանել դրանք գրոհայիններից:

Վարժանքներն անցկացվել են անապատում եւ լեռնային տեղանքներում, որոնք շատ նման են այն վայրերին, որտեղ գտնվում են Սիրիայի ունեցած քիմիական զենքերի պահեստարանների մեծ մասը:

Վարժանքները տեղի են ունեցել մայիսի 7-28-ին, որոնց մասնակցել է 19 երկրի 12 հազար զինվոր, այդ թվում Բահրեյնից, Եգիպտոսից, Իրաքից, Հորդանանից, Սաուդյան Արաբիայից, Լիբանանից, Պակիստանից, Քաթարից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Իսպանիայից եւ Ավստրալիայից:

Ավելի վաղ Սիրիայի իշխանությունները մեղադրել էին ԱՄՆ-ին եւ Արաբական երկրների լիգային, որ նրանք վարժանքների անվան տակ Սիրիա ռազմական ներխուժման են պատրաստվում: ԱՄՆ-ը եւ Հորդանանը հերքել էին այդ մեղադրանքները: