Փարիզում անցկացվող Euronaval 2026 ցուցահանդեսում բրիտանական BAE Systems ընկերությունը ներկայացրել է Sea Tridon նավային 40 մմ հրետանային համակարգերի ընտանիքը։ Ամենաանսովոր տարբերակը՝ Sea TridonC-ն, փոքր բեռնարկղի վրա տեղադրված ավտոմատ հրետաշտարակի տեսք ունի։ Այն կարելի է արագ տեղադրել պարեկային, օժանդակ կամ առևտրային նավում՝ առանց նավակմախքի լայնածավալ վերափոխման։
Համակարգերի ընտանիքի հիմքում Bofors 40 mm L/70 արագաձիգ թնդանոթն է։ Ժամանակակից տարբերակներում կիրառվում են կառավարման թվային համակարգեր և ծրագրավորվող զինամթերք, ներառյալ՝ պատրաստի խոցող տարրերով ու ոչ կոնտակտային պայթուցիչով, հաղորդում է «Տեխկուլտը»։ Նման պաշտպանությունը հատկապես պահանջված է անօդաչու թռչող սարքերի և շրջող զինամթերքի տարածման պայմաններում. զանգվածային հարձակումները հետ մղելիս կարևոր է ոչ միայն թիրախները խոցելը, այլև զինամթերքի պաշարը խնայողաբար ծախսելը։
Ընտանիքը ներառում է չորս տարբերակ։ Bofors 40 Mk 4 Naval Gun-ը ինտեգրվում է նավի մարտական համակարգին։ Sea Tridon-ը հագեցած է կրակի կառավարման սեփական օպտիկաէլեկտրոնային համակարգով և հարմար է նման համակարգ չունեցող նավերի համար։ Sea Trinity-ն մերձակա պաշտպանության ինքնավար համալիր է՝ ռադարով և ծրագրավորվող զինամթերքով։ Sea TridonC-ն թնդանոթն ու սարքավորումները միավորում է տեղափոխելի կոնտեյներային մոդուլում։
Առևտրային նավերում զենքի տեղադրումը կախված է տվյալ երկրի օրենսդրությունից և կանոններից։ BAE Systems-ը դիտարկում է բարձր սպառնալիքի ժամանակահատվածներում նման նավերում Sea TridonC-ի տեղադրումը՝ համալիրը սպասարկող զինվորականների կամ առափնյա պահպանության աշխատակիցների առկայության պայմանով։ Ըստ BAE Systems Bofors-ի ղեկավար Լենա Գիլսթրյոմի՝ ընդհանուր հենքը հնարավորություն կտա պաշտպանության մակարդակն ընտրելու ըստ կոնկրետ խնդիրների։





























