Ես վստահ եմ, որ այդ ադրբեջանցին հանձնվելու է Ադրբեջանին և նա ազատության մեջ է գտնվելու։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 16–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով Շաքի ներխուժած և բնակչի վրա կրակած ադրբեջանցի զինծառայողին։

«Իրենք այդ ֆորմալ կողմը ապահովելու են։ Դե պարզ է, եթե քրեական վարույթ է, պիտի ավարտվի, գործը պիտի ուղարկեն դատարան, դատարանը դատապարտելու է ազատազրկման։ Չգիտեմ, կարող է մի 4-5 տարի տան, կապ չունի։ Հետո ոտից գլուխ սև գույնի շորերը կհագցնեն, կտանեն, կհանձնեն ադրբեջանցիներին, 2023–ին էլ տենց արեցին։ Նա կմնա ազատության մեջ, ոնց որ Ռամիլ Սաֆարովը»,–ասաց նա։

Հարցին՝ հնարավո՞ր է փոխանակում լինի հայ գերիների հետ, Էդգար Ղազարյանն արձագանքեց. «Չէ, չէ, ո՞վ է դրանց թողնում այդպիսի բան անել։ 2026 թվականի հունվարին Սրբուհի Գալյանը նույնիսկ 44-օրյա պատերազմում գերեվարված սիրացի մարդասպան վարձկան ահաբեկիչների է հանձնել Թուրքիային, որպեսզի նրանք հիմա գտնվեն ազատության մեջ: Ինչի՞ մասին եք խոսում: Չէ, ես վստահ եմ, որ այդ ֆորմալ կողմը ապահովելու են, որից հետո այդ ադրբեջանցուն հանձնեն Ադրբեջանին, ուրիշ բան չի կարող լինել»։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ 2026 թվականի հոկտեմբերի 1-ին, ժամը 14:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, զինծառայող Նասիմի Մուսաևը, ապօրինի մուտք էր գործել Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 20-րդ տուն, հայտնաբերվելուց հետո զենքից արձակել կրակոցներ:

Կրակոցի հետևանքով վիրավորում էր ստացել 1987 թվականին ծնված Անի Ավետիսյանը:

Այնուհետև, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացին դիմել էր փախուստի: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Նասիմի Մուսաևը հայտնաբերվել էր Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 26-րդ հասցեում:

Շաքիում արձանագրված դեպքով քրեական օրենսգրքի 5 հոդվածներով նախաձեռնվել են քրեական վարույթներ, նա կալանավորվել է երկու ամսով։

Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջ քույրը՝ Արփի Ավետիսյանը NEWS.am—ին պատմել է, որ ադրբեջանցի զինծառայողը պատանդ է վերցրել երեխաներին, իսկ մայրը նրանց պաշտպանելիս կորցրել է ձախ ձեռքի 3 մատները: Իսկ երբ նա ցանկացել է վերալիցքավորել ինքնաձիգը, հայ կինը դանակով հարվածներ է հասցրել նրան։ Երբ մայրն ուշաթափվել է, որդին է բռունքով հարվածել ադրբեջանցի զինծառայողի գլխին, որի հետևանքով էլ կոտրվածք է ստացել դաստակի հատվածում։