Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցին արգելել են ինքնուրույն օդանավ վարել։

Մերցը, որը 2009 թվականից օդաչուի արտոնագիր ունի, այլևս ինքնուրույն օդանավ չի վարում։ Ինչպես պարզել է Bild-ը, նոյեմբերի 14-ին՝ Շլեզվիգ-Հոլշտայնում Քրիստոնեադեմոկրատական միության համագումարին մեկնելու ժամանակ, կանցլերը եղել է օդաչուների խցիկում, սակայն օդանավը վարել է չարտերային ավիաընկերության աշխատակիցը։

Մերցը նաև վաճառել է իր երկշարժիչ Diamond DA62 օդանավը։ Ինքնուրույն օդանավ վարելու իրավունքը պահպանելու համար անհրաժեշտ է կանոնավոր թռիչքներ կատարել։ Ըստ երևույթին, աշխատանքի պատճառով կանցլերն իր նախասիրության համար բավարար ժամանակ չի ունենում։ Պաշտոնավարման ավարտից հետո նա կկարողանա վերականգնել թռիչքներ կատարելու թույլտվությունը՝ քննություն հանձնելով քննող օդաչուի մոտ։

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ կանցլերին չի թույլատրվում նաև ինքնուրույն ավտոմեքենա վարել։ Նման սահմանափակումներից 2024 թվականին դժգոհել էր նրա նախորդը՝ Օլաֆ Շոլցը, որն իրեն անվանում էր «ավտոմեքենա վարելու մեծ սիրահար»։