Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտարարել է, որ Օտտավան կարող է դիտարկել չինական ավտոարտադրողների հետ համագործակցության հնարավորությունը, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունները հյուսիսամերիկյան միասնական ավտոարդյունաբերության պահպանմանը չհանգեցնեն, հաղորդում է Euronews-ը։

Քարնին նշել է, որ Կանադայի ավտոարդյունաբերության աշխատողները, որոնց նա անվանել է «աշխարհում լավագույնը», պետք է «լիարժեք ներգրավված լինեն» մայրցամաքային շուկայում։ Նրա գնահատմամբ՝ այդ շուկան «ավելի քիչ ինտեգրված է դարձել Միացյալ Նահանգների ձեռնարկած առևտրային միջոցառումների պատճառով»։

Քարնին ընդգծել է, որ Միացյալ Նահանգների հետ բանակցություններն իր համար շարունակում են առաջնահերթություն մնալ, սակայն հավելել է, որ դրանց արդյունքից կարող է կախված լինել՝ արդյոք Օտտավան կդիմի՞ եվրոպական, չինական կամ ճապոնական արտադրողներին։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք չինական ներդրումներ ներգրավելու հեռանկարն ԱՄՆ-ի հետ բանակցություններում ճնշման գործիք է, նա նշել է. «Դա ճնշման լծակ չէ։ Դա ավելի շուտ գործողություն է և պատասխան արձագանք»։

«Եթե կանադական ավտոգործարանների և աշխատողների ներուժը լիարժեք չօգտագործվի հյուսիսամերիկյան շուկայի շրջանակում, այլ հնարավորություններ ի հայտ կգան,- հայտարարել է նա։- Ամեն դեպքում Կանադան առաջ է շարժվելու», ընդգծել է Կանադայի վարչապետը։