ԲՀԿ-ն խորհրդարան կմտնի այն ծրագրերով, որոնք ժողովրդին է ներկայացրել նախընտրական քարոզարշավի ժամանակ: Այս մասին , այսօր` մայիսի 30-ին, ԿԸՀ-ում նորընտիր պատգամավորների մանդատների հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԳ նախկին նախարար, նորաթուխ ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանը:

«Եթե ինչ-որ բան մեր կարծիքով սխալ լինի, մենք կարտահայտվենք դրա վերաբերյալ: Մի խոսքով, մենք կփորձենք իրական փոփոխություններ բերել մեր հասարակության մեջ: Նախընտրական քարոզարշավի ժամանակ ԲՀԿ-ն խոսում էր իրական փոփոխությունների մասին թե’ քաղաքական, թե’ տնտեսական ու սոցիալական ոլորտներում: Մենք ժողովրդին խոստումներ ենք տվել եւ խորհրդարանում մեր գործունեությամբ հետեւողականորեն աշխատելու ենք այդ ծրագրերի իրականացման ուղղությամբ»,- նշեց Օսկանյանը:

Նրա խոսքով, ԲՀԿ-ն կշարունակի այլընտրանք լինել իշխանություններին, խորհրդարանի քաղաքական մեծամասնությանը: Եթե խորհրդարանում ներկայացվեն օրինագծեր, որոնք, ըստ ԲՀԿ-ի, չեն համապատասխանի ժողովրդի շահերին, ապա իրենք կպայքարեն այդ օրինագծերի դեմ եւ կարտահայտեն իրենց տեսակետը քվեարկության ժամանակ:

Հարցին, թե ինչու է խուսափում ԲՀԿ-ի մասին խոսելիս արտաբերել «ընդդիմություն» բառը, Օսկանյանը պատասխանեց. «Արդեն ասվել է, որ մենք աշխատելու ենք կառուցողական դաշտում, այլընտրանք ենք լինելու իշխանություններին: Փաստը, որ հնարավոր չեղավ ընդհանուր լեզու կգտնել եւ կոալիցիա ձեւավորել, դա նշանակում է, որ մեր կուսակցությունների ծրագրերում զգալի տարբերություն կա, ուստի որոշվեց կոալիցիա չմտնել»: Միաժամանակ, նա չհստակեցրեց, թե արդյոք ՀՀԿ-ն իրենց առաջարկե՞լ էր կոալիցիա մտնել, թե` ոչ:

Հարցին, թե մտավախություն չունե՞ն, որ բիզնեսներ ունեցող ԲՀԿ-ականների նկատմամբ ճնշումներ լինեն, Օսկանյանն արձագանքեց. «Դա մեզ չի հետաքրքրում»:

Ինչ վերաբերում է լուրերին, թե ոչ բոլոր ԲՀԿ-ականներն են գոհ կոալիցիա չկազմելու մասին որոշումից, ԱԳ նախկին նախարարը հայտարարեց, որ իրենց կուսակցությունում բոլորը գոհ են: