Շուրջ 456 հազար թուրք ներդրող է տուժել լայնածավալ ֆինանսական սկանդալից, որում ներգրավված միջոցների ծավալը գերազանցել է 18 միլիարդ եվրոն։ Ներդրումային ֆոնդերի կառավարիչները կասկածվում են փոքր ընկերությունների բաժնետոմսերի արժեքն արհեստականորեն բարձրացնելու մեջ։ Ֆոնդերից մեկի ակտիվների արժեքն աճել է ավելի քան 15 հազար տոկոսով։ Երբ ներդրողները սկսել են զանգվածաբար դուրս բերել իրենց գումարները, բաժնետոմսերի գները կտրուկ անկում են ապրել, իսկ իշխանությունները ստիպված են եղել միջամտել 131 ֆոնդի գործունեությանը։
Քննության շրջանակում ներգրավված է ավելի քան 430 մարդ, նրանց թվում՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահի նախկին տեղակալ Ֆաթմա Բեթյուլ Սայան Քայան։ Նա կալանքի տակ է և հերքում է մեղադրանքները։ Ձերբակալվել է նաև Ստամբուլի ֆոնդային բորսայի նախկին ղեկավարը։
«Թուրքիան առանց այդ էլ տևական ճգնաժամի մեջ է։ 30 % գնաճի և 36 % հիմնական տոկոսադրույքի պայմաններում ֆինանսական համակարգի նկատմամբ բնակչության վստահությունն արդեն խաթարված է։ Նման սկանդալը միայն խորացնում է իրավիճակը»,- Bild-ին ասել է բորսայական փորձագետ Քրիստիան Ռյոլը։
Այժմ Թուրքիային միլիարդավոր օտարերկրյա ներդրումների արտահոսք է սպառնում։ Ինդեքսներ կազմող միջազգային MSCI ընկերությունը կարող է երկիրը դուրս բերել զարգացող շուկաների ինդեքսից, ինչը որոշ օտարերկրյա ներդրումային ֆոնդերի կստիպի վաճառել թուրքական բաժնետոմսերը։





























