Նոյեմբերի 16-ից Վրաստանից մարդատար ավտոմեքենայի վերաարտահանման ձևակերպման համար նոր վճար է սահմանվել՝ յուրաքանչյուր մեքենայի համար 450 լարի (մոտ 174 ԱՄՆ դոլար), հայտնել են տեղական լրատվամիջոցները։
Վճարը տարածվում է 8703 ապրանքային խմբին դասվող ավտոմեքենաների վրա։ Բացառություն է ժամանակավոր ներմուծման ընթացակարգից հետո իրականացվող վերաարտահանումը։
Սա Եկամուտների ծառայությանը կատարվող լրացուցիչ վճար է։ Ըստ պարբերականի՝ նախկինում ձևակերպման համար ՆԳՆ սպասարկման գործակալությանը վճարվում էր մոտ 600 լարի (231 ԱՄՆ դոլար)։ Այժմ դրանց ավելանում է նոր վճարը։
Փոփոխությունն ուժի մեջ է մտել ավտոմեքենաների վերաարտահանման կրճատման ֆոնին։ 2026 թվականի հունվար–սեպտեմբերին Վրաստանից արտահանվել է 63 141 ավտոմեքենա՝ մոտ 1,5 միլիարդ դոլար ընդհանուր արժեքով։ Դրամական արտահայտությամբ ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 24%-ով։





























