ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18–19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի շրջանակում։

«Կա մի տարբերակ, որը կնախընտրեինք՝ որ դա լինի համաձայնեցված, առանձին հանդիպում։ Հանգիստ զրուցել մեկ ժամ կամ նույնիսկ ավելի»,- պարզաբանել է Դմիտրի Պեսկովը։

Նա հավելել է, որ հնարավոր է նաև կարճատև բանակցությունների տարբերակը՝ «գագաթնաժողովի շրջանակում որևէ տեղ առանձնանալով»։ Պեսկովը նաև ընդգծել է առաջիկա իրադարձության բացառիկությունը և նշել, որ հենց այս երկրների ղեկավարների եռակողմ հանդիպման ձևաչափը նախկինում երբեք չի կիրառվել։ Նա կոչ է արել պատմական զուգահեռներ չանցկացնել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Յալթայում կամ Թեհրանում անցկացված խորհրդաժողովների հետ։

«Յալթայի հետ բոլոր համեմատությունները… քաղաքագիտական վարժություններ են, որոնք իրականության հետ ոչ մի առնչություն չունեն։ Թեհրանի հետ՝ նույնպես։ Ամեն ինչ բոլորովին այլ է։ Սա շատ կարևոր հանդիպում է, որն իսկապես ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։