Չորրորդ գումարման Ազգային ժողովի փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Սամվել Բալասանյանը չի կարծում, թե ԲՀԿ-ի դեմ կարող են ճնշումներ լինել` կոալիցիա չկազմելուց հետո: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Բալասանյանը նշեց. « Չեմ կարծում: Օրենսդրական դաշտում նորմալ, կառուցողական աշխատանք ենք տանելու: Մենք ունենք մեր նախագծերը, ունենք գերակա ուղղությունները` մանր եւ միջին բիզնեսի զարգացումը: Կաշխատենք կառուցողական դաշտում, որ մեր նախաձեռնություններն անցկացնենք, կկանոնակարգենք այդ ոլորտները»:
Արդեն նախկին ԱԺ փոխնախագահին հարցրինք, թե ինչպե՞ս է պատկերացնում իր աշխատանքը միայն պատգամավորի պաշտոնում: Շիրակի մարզի թիվ 35 ընտրատարածքից ընտրված Բալասանյանն ի պատասխան նշեց. «Ես որպես մեծամասնականով ընտրված պատգամավոր արդեն ունեմ իմ պարտավորություններն իմ ընտրողի առջեւ, ես իմ աշխատանքն արել եմ եւ կանեմ անկախ ամեն ինչից»:
Նշենք, որ Սամվել Բալասանյանը թիվ 35 ընտրատարածքում առաջադրված միակ թեկնածուն էր եւ ստացել էր 21 հազար 459 ձայն: 3 հազար 438 մարդ դեմ էր քվեարկել նրան:




























