Piper Comanche ինքնաթիռի կործանման հետևանքով երեք մարդ է զոհվել։ Օդանավի բեկորները հայտնաբերվել են ԱՄՆ Արիզոնա նահանգում՝ Գրանդ Կանյոն ազգային պարկի տարածքում։ Այս մասին հայտնել են ԱՄՆ Ազգային պարկերի ծառայությունից (NPS)։
«Օդանավն ու բեկորները NPS-ի աշխատակիցները հայտնաբերել են նոյեմբերի 16-ին՝ առավոտյան ժամը մոտ 10:15-ին, Բասին անունով հայտնի տեղանքում։ Ողջ մնացածներ չկան», — ասվում է մամուլի ծառայության կայքում։
Նշվում է, որ օդանավի անհետացման մասին տեղեկությունը փրկարարներին հասել է նոյեմբերի 15-ի ուշ երեկոյան։ Վերջին անգամ դրա գտնվելու վայրը գրանցվել է Գրանդ Կանյոնի հյուսիսային հատվածում։ Որոնողական աշխատանքներն իրականացվել են օդից՝ ջերմատեսիլների և գիշերային տեսանելիության սարքերի կիրառմամբ։ Ավիավթարի պատճառները պարզվում են։





























