Նոյեմբերի 17-ի գիշերը բռնակցված Ղրիմում և Կրասնոդարի երկրամասում հրթիռային վտանգ է հայտարարվել։ Դրանից հետո Ռուսաստանի կողմից նշանակված թերակղզու ղեկավար Սերգեյ Ակսյոնովը հայտնել է Ղրիմի կամրջին հասցված հարվածի մասին։ «Այս պահին տրանսպորտային երթևեկությունը դադարեցված է։
Ղրիմի բնակիչներին և հյուրերին խնդրում ենք զերծ մնալ կամրջի ուղղությամբ ուղևորություններից և երթուղիները պլանավորելիս հաշվի առնել սահմանափակումները», — գրել է Ակսյոնովն իր տելեգրամյան ալիքում։
Ուկրաինական «Ղրիմյան քամի» մշտադիտարկման ալիքի տվյալներով՝ կամրջի ուղղությամբ արձակվել է չորս թևավոր հրթիռ։ Դրանցից մեկը, դատելով ականատեսների տեսանյութերից, հարվածել է կամրջի կենտրոնական հատվածում տեղադրված 227-մետրանոց կամարին։ Դրանից հետո կամարն ընկել է ջուրը։
Նախորդ առավոտ Ուկրաինայի զինված ուժերը (ՈւԶՈւ) հարձակվել էին Ղրիմի կամրջի վրա՝ կիրառելով շուրջ 100 անօդաչու թռչող սարք։ Mash-ի տվյալներով՝ անօդաչուներից մեկի մարտական մասը ընկել է թերակղզու կողմից աջ կամարի վրա, ինչի հետևանքով ամբողջ կառույցը «թեքվել է մոտ 15 աստիճանով»։
Ռուսաստանի պետական լրատվամիջոցների տարածած տեսագրություններում կամարը նկատելիորեն թեքված էր և ձևախախտված տեսք ուներ։ Ուկրաինական ալիքները հրապարակել են արբանյակային լուսանկարներ, որոնցում երևում է նաև ճանապարհածածկի վնասվածքը՝ առնվազն երկու տեղում։
Կրեմլում կամրջի վնասվածքները «աննշան» են որակել։ Այդուհանդերձ, դրա վրայով երթևեկությունը դադարեցվել էր ավելի քան 16 ժամով, այնուհետև վերականգնվել՝ «հերթագայվող» ռեժիմով։ Ղրիմի և Կրասնոդարի երկրամասի միջև հիմնական երթևեկությունն այս պահին ապահովում է Կերչի լաստանավային անցումը։
Ռուսական ներխուժման սկզբից ի վեր Ուկրաինան երեք անգամ փորձել է քանդել կամուրջը։ 2022 թվականի հոկտեմբերին դրա վրա պայթել է պայթուցիկով բեռնված բեռնատար։ Այն վնասել է կամրջի ավտոմոբիլային հատվածի երկու կամրջաբացվածք և հարվածել երկաթուղային հատվածով ընթացող ցիստեռնին։ 2023 թվականի հուլիսին Sea Baby ծովային անօդաչու սարքերը քանդել են կամրջի ավտոմոբիլային հատվածի մեկ կամրջաբացվածք։ 2025 թվականի հունիսին ՈւԶՈւ-ն հարվածել է կամրջին՝ դրա հենարանների տակ տեղադրված պայթուցիկի միջոցով։
Հերթական հարվածներից հետո շինարարության ոլորտը համակարգող փոխվարչապետ Մարատ Խուսնուլինը հայտարարել է, որ իշխանություններն արդեն հավաքագրել են «ռեսուրսներ, նախագծողներ և շինարարներ՝ կամուրջը վերականգնելու համար»։ «Տարածաշրջանների ղեկավարության հետ լուծում ենք լոգիստիկայի հետ կապված հարցերը», — նշել է Խուսնուլինը։





























