Իրանը ամերիկյան և իսրայելական բազաների մերձակայքում գտնվող ցանկացած ամբարտակ, նավահանգիստ և էլեկտրակայան կհամարի ռազմական թիրախ՝ կիրառելով այն տրամաբանությունը, որով ԱՄՆ-ն առաջնորդվում է Իսլամական Հանրապետության քաղաքացիական ենթակառուցվածքների նկատմամբ։ Այս մասին հայտարարել է Իրանի Մեջլիսի (միապալատ խորհրդարան) նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը՝ մեկնաբանելով The New York Times թերթի հրապարակումը։
«Նոր կանոն. ամերիկյան կամ իսրայելական բազայի մոտ գտնվող ցանկացած ամբարտակ, նավահանգիստ կամ էլեկտրակայան երկակի նշանակության օբյեկտ է։ Մենք ձեր տրամաբանությունը կկիրառենք հետևողականորեն և անաչառորեն», - գրել է նա X-ում՝ ԱՄՆ-ին մեղադրելով Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիական ենթակառուցվածքներին հարվածների «հաջորդ փուլը» նախապատրաստելու մեջ։
Երկուշաբթի NYT-ը, վկայակոչելով փորձագետներին, հայտնել է, որ իրանական ամբարտակների և ջրատարների ճյուղավորված ցանցը կարող էր մասամբ կառուցված լինել ստորգետնյա հրթիռային բազաների կարիքներն ապահովելու համար, քանի որ այդ օբյեկտների տեղակայումը համընկնում է այն շրջանների հետ, որոնց այս տարի հարվածներ են հասցրել ԱՄՆ-ն և Իսրայելը։





























