Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի ենթակառուցվածքների վերակառուցման ծրագրով պետության կողմից Երևանի քաղաքապետարանին պատվիրակված լիազորությունների իրականացման ընդհանուր բյուջեն կրճատվել է 40,7 մլն դրամով (113 հազար դոլարով՝ խմբ.)։ Համապատասխան որոշումն ընդունվել է Երևանի ավագանու նոյեմբերի 17-ի նիստում։

Մասնավորապես, «Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների կառուցում» ծրագրի ֆինանսավորումը կրճատվել է 164,3 մլն դրամով։ Միաժամանակ պատվիրակված լիազորությունների շրջանակում ծրագրի ֆինանսավորումն ավելացվել է 123,6 մլն դրամով։ Այդ գումարը կուղղվի մետրոպոլիտենի երեք վագոնների վերակառուցմանը և մետրոպոլիտենի անվտանգ ու անխափան աշխատանքն ապահովելու համար անհրաժեշտ աշխատանքներին։

Բացի այդ, «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին լրացուցիչ կհատկացվի 1 մլրդ դրամ (2,7 մլն դոլար), «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկին՝ ևս 565 մլն դրամ, իսկ կառավարման մարմինների գործունեության ապահովմանը՝ լրացուցիչ 825,6 մլն դրամ։