Հայաստանում այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին (մինչև հոկտեմբերի 25-ը) արձանագրվել է 3878 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 225 մարդ, վիրավորվել՝ 5645-ը: Զոհերից 15-ը, իսկ վիրավորներից 734-ը եղել են անչափահասներ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է՝ ուսումնասիրելով գրավոր հարցմանն ի պատասխան Ներքին գործերի նախարարությունից ստացված վիճակագրական տվյալները:

Համեմատության համար նշենք, որ Հայաստանում 2026 թվականի հունվար–հոկտեմբերին, 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը գրեթե չի փոխվել՝ 3879-ից նվազելով 3878-ի։ Նույն ժամանակահատվածում ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը նվազել է 3 տոկոսով՝ 232-ից հասնելով 225-ի, իսկ վիրավորներինը՝ 2.1 տոկոսով՝ 5766-ից հասնելով 5645-ի։

Իրավիճակը էականորեն տարբերվում է Հանրապետության մարզերում և Երևանում։ Մասնավորապես, ՀՀ մարզերում 2026 թվականի հունվար–հոկտեմբեր ամիսներին, 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, ճանապարհատրանսպորտային պատահարների թիվն աճել է 5 տոկոսով՝ 2347-ից հասնելով 2465-ի։ Նույն ժամանակահատվածում ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվն աճել է 1 տոկոսով՝ 192-ից հասնելով 194-ի, իսկ վիրավորներինը՝ 2.5 տոկոսով՝ 3875-ից հասնելով 3973-ի։

Փոխարենը՝ Երևան քաղաքում 2026 թվականի հունվար–հոկտեմբերին, 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը նվազել է 7.8 տոկոսով՝ 1532-ից հասնելով 1413-ի։ Նույն ժամանակահատվածում ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը նվազել է 22.5 տոկոսով՝ 40-ից հասնելով 31-ի, իսկ վիրավորներինը՝ 11.6 տոկոսով՝ 1891-ից հասնելով 1672-ի։

Մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ վիճակագրության համաձայն՝ 2024 թվականին ամբողջ տարվա ընթացքում արձանագրվել է մահվան ելքով 279 ՃՏՊ, որոնց հետևանքով զոհվել է 333 մարդ։ 2025 թվականին գրանցվել է մահվան ելքով 252 պատահար՝ 283 զոհով։ Իսկ 2026 թվականի հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում, ինչպես արդեն նշել ենք, արձանագրվել է մահվան ելքով 192 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով զոհվել է 225 մարդ։