Ռուս զինվորականները նոյեմբերի 17-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարձակվել են Կիևի վրա։ Նույն գիշեր Ուկրաինայի զինված ուժերը (ՈւԶՈւ) հարվածել են Ղրիմի կամրջին։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ հարվածներ են հասցվել Դնեպրի վրայով անցնող Հյուսիսային և Հարավային կամուրջներին։ Դրանցով երթևեկությունը փակվել է։ Կիևի քաղաքային պետական վարչակազմը հայտարարել է Հարավային կամրջի վրա մետրոպոլիտենի վերգետնյա ենթակառուցվածքի վնասման և «Օսոկորկի»–«Կրասնի խուտոր» կայարանների միջև երթևեկության դադարեցման մասին։ Գնացքները երթևեկում են միայն «Սիրեց»–«Վիդուբիչի» հատվածում։ Ավտոբուսների և տրոլեյբուսների մի մասի երթուղիները վերահղվել են Պոդոլսկի և Դարնիցկի կամուրջներով։ Դադարեցվել է նաև թիվ 29, 37, 47 և 48 տրոլեյբուսների երթևեկությունը։

Հյուսիսային կամրջի շրջանում հրթիռի հարվածը տեսագրվել է։ Հրապարակված տեսանյութում հզոր պայթյուն է երևում։ Ըստ Z-ալիքների՝ Հյուսիսային կամրջի ուղղությամբ ընդհանուր առմամբ երեք բալիստիկ հրթիռ է արձակվել, իսկ Հարավային կամրջի ուղղությամբ՝ մեկը։ Կիևի իշխանությունները նաև հայտնել են ռուսական հարձակումների հետևանքով կենսական նշանակության ենթակառուցվածքների վնասման մասին։ Քաղաքում ջրամատակարարման և ջեռուցման խափանումներ են նկատվում։ Դեսնյանսկի շրջանում էլ բեկորների ընկնելու հետևանքով հրդեհ է բռնկվել 16-հարկանի բնակելի շենքի բակում։ ՌԴ պաշտպանության նախարարությունը հաստատել է կամուրջներին հասցված հարվածները։ Գերատեսչությունում հայտարարել են, որ կամուրջներն օգտագործվում են ՈւԶՈւ-ի ռազմական բեռների, սպառազինության և հատուկ տեխնիկայի փոխադրման համար։ Մինչդեռ բռնակցված թերակղզին Ռուսաստանին կապող Ղրիմի կամուրջը նոյեմբերի 17-ի գիշերը ուկրաինական կրկնակի հարձակման հետևանքով մասամբ փլուզվել է։ Կամրջով ավտոմեքենաների և գնացքների երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվել է, հայտնել է ՌԴ տրանսպորտի նախարարությունը։ Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն պնդում է, որ հարվածի համար օգտագործվել են «Ֆլամինգո» հրթիռներ։