4-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը դեռ չի որոշել, թե այսուհետ ինչով է զբաղվելու: Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասաց անձամբ Վիկտոր Դալլաքյանը` հավելելով, որ «դեռ կտեսնենք»:

Նա նշեց, որ այժմ հանգստանում է. «Ես տունը նստած գիրք եմ կարդում, իսկ իմ մասին տեղեկություններն ստանում եմ մամուլից»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է տարածված լուրերին, թե նրան կնշանակեն Սպորտի նախարար կամ Քաղծառայության խորհրդի նախագահ, Դալլաքյանը ոչինչ չցանկացավ ասել:

Վիկտոր Դալլաքյանը չցանկացավ պատասխանել նաեւ մեր մյուս հարցերին` կապված Վանաձորում մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններին իր պատության հետ:

Նշենք, որ Դալլաքյանը մեծամասնական ընտրակարգով անպարտելի էր սկսած 1995թ.: Նա, սակայն, նախկինում հանդես էր գալիս ընդդիմադիր դիրքերից, իսկ այս ընտրություններից առաջ անդամակցել էր իշխող Հանրապետական կուսակցությանը:

Հիշեցնենք, որ թիվ 30 ընտրատարածքում առաջադրվել էին ՀՀԿ-ից` Վիկտոր Դալլաքյանը, ՀՅԴ-ից` Զոհրաբ Թորոսյանը, ՀՀՇ-ից` Աշոտ Մանուկյանը, անկուսակցական Էդմոն Մարուքյանը եւ Ժառանգությունից` Գառնիկ Սահակյանը: Արդյունքում  2400 ձայների առավելությամբ Էդմոն Մարուքյանը հաղթել էր Վիկտոր Դալաքյանին: