Այս կամ այն հարցի շուրջ դիրքորոշում հայտնելու համար պետք է հնարավորություն ունենալ լսելու խորհրդարանի բոլոր պատգամավորների կարծիքները։ Այս մասին նոյեմբերի 17-ին կայացած Ազգային ժողովի նիստում հայտարարեց ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։
«Ստացվել է այնպես, որ մենք հնարավորություն ունենք լսելու բոլորին, բացի պատգամավոր Արթուր Սարգսյանից, որը մինչ օրս զրկված է Ազգային ժողովի աշխատանքներին մասնակցելու հնարավորությունից։ Օրինակ՝ բազմիցս և, ըստ իս, ավելի հաճախ, քան հարկն է, պատահել է այնպես, որ դուք, չկատարելով ձեր պարտականությունները, բացակայել եք Ազգային ժողովի նիստերից ու չեք նախագահել դրանք։ Եվ սա այն դեպքում, երբ այդ գործառույթը ձեր անմիջական պարտականությունն է։ Դա ձեր որոշումն է, որը, կարծում եմ, առանձին գնահատականի է արժանի։ Իսկ Արթուր Սարգսյանն ինձ համար անհասկանալի պատճառներով է զրկված նման հնարավորությունից, քանի որ ես՝ որպես 8-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, որևէ մեկին համաձայնություն չեմ տվել՝ խոչընդոտելու նրա պատգամավորական գործունեությունը։ Ես կցանկանայի լսել ձեր պարզաբանումները»,- դիմելով խորհրդարանի խոսնակ Ռուբեն Ռուբինյանին՝ ասաց պատգամավորը։
Ի պատասխան՝ ԱԺ նախագահը հայտարարեց, որ տվյալ հարցը դուրս է խորհրդարանական այսօրվա քննարկումների օրակարգից։





























