Փրինսթոնի համալսարանի հետազոտությունը ցույց է տվել, որ նույն ժանրի և տասնամյակի երգերը տարբեր մարդկանց մեջ զարմանալիորեն նման հիշողություններ են արթնացնում, նույնիսկ եթե այդ հիշողությունները խիստ անձնական են թվում։ Գիտնականներն այդ ազդեցությունը կապում են մշակութային սցենարների հետ, որոնք ազդում են իրադարձությունների մասին մեր հիշողութունների և տարիներ անց դրանց մտովի վերադառնալու վրա։

Նոյեմբերի 16-ին Proceedings of the National Academy of Sciences (PNAS) հանդեսում հրապարակված հետազոտության ընթացքում մասնակիցներին առաջարկել են փոփ, քանթրի և հիփ-հոփ ժանրերի հանրահայտ երգերից 30-վայրկյանանոց հատվածներ լսել։

Ստեղծագործություններից մի քանիսը հայտնի էին իրենց՝ մասնակիցների պատանեկության տարիներին, մյուսները՝ նրանց ծնողների երիտասարդության շրջանում։ Լսելուց հետո կամավորները նկարագրել են այն հիշողությունները, որոնք երաժշտությունն արթնացրել էր իրենց մեջ։

Փրինսթոնի համալսարանի հետազոտողները կիրառել են բնական լեզվի մշակման մեթոդներ՝ ավելի քան հազար նկարագրություն վերլուծելու համար։ Պարզվել է, որ նույն ժանրի կամ ժամանակաշրջանի երգերը մեծ հավանականությամբ տարբեր մարդկանց մեջ նման հիշողություններ էին արթնացնում։

Ստուգելու համար՝ արդյոք այդ նմանությունը կապվա՞ծ է երգերի բառերի հետ, գիտնականներն անցկացրել են ևս երկու փորձ։ Դրանցից մեկում մասնակիցներին ներկայացրել են երգերի տեքստերին բնորոշ առանձին բառեր, իսկ մյուսում՝ դրանց բովանդակության համառոտ վերապատմությունները։ Սակայն նման հուշումները հիշողությունների համանման նմանության չեն հանգեցրել։

Հետազոտության հեղինակները կարծում են, որ երաժշտությունն օգնում է բացահայտել հիշողության միջանկյալ մի ձև, որն ընկած է անհատական ինքնակենսագրական հիշողությունների և պատմական նշանակալի իրադարձությունների մասին հավաքական հիշողության միջև։

Խոսքն այսպես կոչված մշակութային սցենարների մասին է՝ յուրացված պատկերացումների նրա մասին, թե որոշակի հանգամանքներում ինչ իրադարձություններ են տեղի ունենում, և ինչ երաժշտություն է կապված դրանց հետ։ Օրինակ՝ մարդիկ կարող են նման զուգորդումներ ունենալ ամառային ավտոմեքենայով ուղևորությունների, ընտանեկան հարսանիքների կամ երեկույթների հետ, նույնիսկ եթե նրանցից յուրաքանչյուրի անձնական պատմությունները տարբերվում են։

Նման սցենարներն ազդում են ինչպես հիշողությունների ձևավորման, այնպես էլ դրանց հետագա վերականգնման վրա։ Այդ պատճառով նույնիսկ անծանոթ երգը կարող է ծանոթ ասոցիացիաներ առաջացնել իր ժանրի շնորհիվ, որը լսողին որոշակի սցենար է հուշում։

Հետազոտողների կարծիքով՝ արդյունքները ցույց են տալիս, որ նույնիսկ խիստ անձնական հիշողությունները ձևավորվում են ոչ միայն անհատական փորձի, այլև ընդհանուր մշակութային պատկերացումների ազդեցությամբ, որոնք միավորում են նույն սերնդի մարդկանց։