Ընդդիմությունն ընդունում է, որ այս պահին Ղարաբաղի և Հայաստանի միավորման օրակարգ գոյություն չունի, հետևաբար Անկախության հռչակագրի դրույթը չպետք է ներառվի երկրի Սահմանադրության մեջ։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 17–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը։

«Ընդդիմությունը, մենք՝ հայերս, ունե՞նք այդ օրակարգը, կա՞ այդ օրակարգը՝ Ղարաբաղի և Հայաստանի միավորման։ Ընդդիմությունն ասում է՝ չկա։

Ասում ենք՝ շա՛տ լավ։ Անկախության հռչակագիրը պատմական փաստ է, մենք դրանով անկախացել ենք։ Ի դեպ, իրականում անկախացել ենք նաև սեպտեմբերի 21-ով, հանրաքվեով՝ ֆորմալ առումով։ Բայց Անկախության հռչակագրի մասին ենք խոսում։ Կա՞ այս օրակարգը։ Ասում են՝ չէ։

Հիմա մենք ասում ենք՝ այդ պատմական փաստը բերեք չբերենք, մեր Սահմանադրության մեջ չզետեղենք, որովհետև այդ օրակարգն արդեն ժամանակավրեպ է»,- ասաց Հասմիկ Հակոբյանը։

Հարցին՝ եթե Անկախության հռչակագրի հղումը չհանվի Սահմանադրությունից, խաղաղությանը վտա՞նգ կսպառնա, ՔՊ–ական պատգամավորը պատասխանեց․ «Եթե չի արվում, խաղաղության պայմանագիր չի կնքվում»։