Հյուսիսատլանտյան հարթ կետերի պոպուլյացիան մեկ տարում կրճատվել է մոտ 2%-ով և այժմ կազմում է 382 առանձնյակ, գրում է Phys.org-ը։
Գիտնականների նոր գնահատականը մտահոգություններ է առաջացնում տեսակի ապագայի վերաբերյալ, որին սպառնում են նավերի հետ բախումները, ձկնորսական ցանցում խճճվելը և կլիմայի փոփոխությունը։
Հյուսիսատլանտյան հարթ կետերի ուսումնասիրությամբ զբաղվող գիտնականների կոնսորցիումի տվյալներով՝ երկուշաբթի հրապարակված գնահատականը վկայում է պոպուլյացիայի աստիճանական վերականգնման վերջին միտման շրջադարձի մասին։ Անցյալ տարի կետերի թվաքանակը շարունակում էր դանդաղ աճել։

Մի քանի դար շարունակ այս կենդանիներին ակտիվորեն որսացել են, և առևտրային կետորսությունը հիմնականում դադարել է միայն 1930-ական թվականներին։ Սակայն պոպուլյացիայի վերականգնումը չափազանց դանդաղ է ընթանում։ Մասնագետների գնահատմամբ՝ 2010-2020 թվականներին կետերի թվաքանակը կրճատվել է մոտ մեկ քառորդով՝ ցածր ծնելիության և բարձր մահացության պատճառով։
Իրավիճակը բարդացնում է օվկիանոսի տաքացումը։ Այն փոխում է կոպեպոդների՝ մանր խեցգետնակերպերի բնակության վայրերը, որոնցով սնվում են կետերը։ Սննդին հետևելով՝ կենդանիները տեղափոխվում են տարածքներ, որտեղ ավելի քիչ են պաշտպանված նավերի հետ բախումներից և ձկնորսական ցանցում խճճվելու վտանգից։
Ըստ Հյուսիսատլանտյան հարթ կետերի կոնսորցիումի նախագահ Հիզեր Փեթիսի՝ կենդանիների պաշտպանության միջոցները պետք է գործեն նրանց միգրացիոն երթուղիների ամբողջ երկայնքով։ Հակառակ դեպքում պոպուլյացիան կարող է կրկին կտրուկ կրճատվել։
Չնայած մտահոգիչ վիճակագրությանը՝ անցյալ տարի կետերն ունեցել են դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում բազմացման ամենահաջող սեզոններից մեկը. ծնվել է ավելի քան 20 ձագ։ Սակայն դա բավարար չէ կայուն վերականգնման համար։ Այժմ պոպուլյացիայում մնացել է բազմացման ունակ ընդամենը 73 էգ։
Լրացուցիչ մտահոգություն է առաջացնում ԱՄՆ-ում օրենսդրական նախաձեռնությունը, որը նախատեսում է կետերի պաշտպանության նոր միջոցների կիրառումը հետաձգել մինչև 2035 թվականը։ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հավանությանն արժանացած օրինագիծն ուղղված է առևտրային ձկնորսության շահերի պաշտպանությանը, որի ներկայացուցիչները նոր սահմանափակումները չափազանց ծանրաբեռնող են համարում։ Նախաձեռնության դեմ հանդես են եկել մի քանի բնապահպանական կազմակերպություններ։
Հյուսիսատլանտյան հարթ կետի քաշը երբեմն հասնում է մոտ 68 տոննայի։ Ձմռանը կետերը բազմանում են Ֆլորիդայի, Ջորջիայի, Հյուսիսային և Հարավային Կարոլինաների ափերի մոտ, իսկ գարնանն ու ամռանը տեղափոխվում են Նոր Անգլիայի և Կանադայի ափերի մոտ գտնվող սնման վայրեր։ Անցյալում այս կետերը դարձել էին կետորսների հիմնական թիրախներից մեկը, քանի որ մնում են ափին համեմատաբար մոտ, իսկ նրանց մարմինները մահից հետո չեն սուզվում և մեծ քանակությամբ ճարպ են տալիս։
Մասնագետները զգուշացնում են՝ առանց ձկնորսական ցանցից և նավերից պաշտպանության ուժեղացման՝ նույնիսկ բազմացման հաջող սեզոնները չեն երաշխավորում տեսակի գոյատևումը։



























