BMW-ն արդեն մի քանի տարի անընդմեջ պրեմիում դասի ավտոմեքենաների համաշխարհային վաճառքներով գերազանցում է Mercedes-Benz-ին։ Առաջատար դիրքը պահպանելու հարցում ընկերությանն օգնում է մոդելային շարքի լայնածավալ թարմացումը, գրում է Motor 1-ը։

2027 թվականին այն կներկայացնի մի շարք նոր մոդելներ՝ կոմպակտ i1 էլեկտրամոբիլից մինչև M սպորտային մոդելներ և շքեղ ֆլագմաններ։

Նոր BMW i1-ը պետք է դառնա ապրանքանիշի ամենամատչելի էլեկտրամոբիլը։ Նախնական տվյալներով՝ այն կստանա էլեկտրամոբիլների համար նախատեսված առանձին հարթակ և հետևի քարշակ։ Շնորհանդեսը սպասվում է 2027 թվականի երկրորդ կեսին, թեև վաճառքը կարող է սկսվել միայն 2028-ին։

Էլեկտրական iX1-ը, մինչդեռ, կանցնի նոր սերնդի՝ ստանալով առանձին հարթակ, ավելի արդյունավետ մարտկոցներ, մեկ լիցքավորմամբ ավելի մեծ ընթացքի պաշար և լիցքավորման ավելի բարձր արագություն։ Բենզինային X1-ի փոփոխությունները կսահմանափակվեն արտաքին տեսքի թարմացմամբ։ Թարմացված X2-ը և iX2-ը, հավանաբար, կպահպանեն ներկայիս ճարտարապետությունը, սակայն կստանան նոր սրահ՝ մեծ կենտրոնական էկրանով։

2027 թվականին BMW-ն կթողարկի նաև էլեկտրական i3 Touring ունիվերսալը՝ որպես i3 սեդանի ավելի գործնական այլընտրանք։ Ակնկալվում է, որ այն կպահպանի սեդանի հիմնական տեխնիկական բնութագրերը և կստանա M Performance ու M սպորտային տարբերակներ։ Մոդելի հիմնական շուկան, հավանաբար, կդառնա Եվրոպան։

Գլխավոր նորույթներից մեկը կդառնա առաջին ամբողջությամբ էլեկտրական BMW M3-ը։ Այն կստանա չորս էլեկտրաշարժիչ, հատուկ մարտկոց, փոխանցումների փոխարկման նմանակում և շարժիչի արհեստական ձայն։ Ակնկալվող հզորությունը մոտ 800 ձիաուժ է։ Վաճառքը պետք է սկսվի 2027 թվականի երկրորդ կեսին։ Միաժամանակ BMW-ն կշարունակի թողարկել բենզինային M3-ը. 3,0 լ ծավալով վեցագլանանի շարժիչով նոր սերունդը սպասվում է 2028 թվականին։

Դրան կհաջորդի էլեկտրական BMW X3 M-ը՝ նույն չորս շարժիչով ուժային համակարգով և ավելի քան 100 կՎտ·ժ օգտակար տարողությամբ մարտկոցով։ Ընկերությունը չի նախատեսում վերականգնել X3 M-ի բենզինային տարբերակի արտադրությունը։ Նույն հիմքի վրա կստեղծվի ավելի սպորտային էլեկտրական X4 M-ը՝ կուպեանման քրոսովերի հաջորդը, որը նույնպես բենզինային համարժեք չի ունենա։

Լուրջ թարմացում է սպասվում BMW 5 Series ընտանիքին. սեդանը, ունիվերսալը, էլեկտրական i5-ը և հիբրիդային M5-ը կստանան սրահի նոր դիզայն՝ Neue Klasse-ի ոճով։ Սովորական iDrive պտտվող կառավարիչի փոխարեն կհայտնվեն մեծ սենսորային էկրան և դիմապակու ամբողջ լայնքով պրոյեկցիոն էկրան։ Միաժամանակ i5-ը կպահպանի ներկայիս հարթակը, սակայն կարող է ստանալ Rimac-ի մասնակցությամբ մշակված կատարելագործված մարտկոցներ։

2027 թվականին կներկայացվի BMW X7 ֆլագմանային ամենագնացի երկրորդ սերունդը, որի շարքն առաջին անգամ կհամալրվի ամբողջությամբ էլեկտրական iX7-ով։ Մոդելները կպահպանեն ռադիատորի խոշոր ճաղավանդակը և առանձին լուսարձակները, իսկ սրահում կհայտնվեն բազմաթիվ էկրաններ ու ավտոմատ դռներ։ Ավելի ուշ սպասվում է նաև շքեղ Alpina տարբերակը, որը կմրցակցի Mercedes-Maybach GLS-ի հետ։

Մեկ այլ նորույթ կլինի BMW Alpina 7 Series-ը՝ ֆլագմանային սեդանի ավելի շքեղ տարբերակը, որը նախատեսված է Mercedes-Maybach-ի և Bentley-ի հետ մրցակցելու համար։ Ավտոմեքենան կստանա հատուկ V8 շարժիչ, էլեկտրական տարբերակ, թափքի բացառիկ գույներ և ֆիրմային 20-ճառագայթանի անվահեծեր։ V12-ի վերադարձ չի սպասվում։ Ըստ լուրերի՝ BMW-ն դիտարկում է նաև վեցագլան շարժիչով ավելի մատչելի տարբերակի թողարկումը։