ԱՄԷ-ի Ռաս էլ Խայմա էմիրության իշխանությունները շուտով կվերաբացեն նավթի արտահոսքի պատճառով ժամանակավորապես փակված լողափերը։ Դրանց մի մասն արդեն բաց է այցելուների համար։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է էմիրության Զբոսաշրջության զարգացման դեպարտամենտի փոխնախագահ Իադ Ռասբեյը։
«Հոկտեմբերի վերջին շաբաթվա ընթացքում Ռաս էլ Խայմայի Հանրային ծառայությունների դեպարտամենտը խորհուրդ է տվել փակել բոլոր լողափերը՝ նավթի արտահոսքի պատճառով։ Նավթաբիծը տեղայնացվել է ծովում՝ դրա հետագա տարածումը կանխելու նպատակով։ Այո՛, մեր լողափերից մի քանիսը տուժել են, և որպես նախազգուշական միջոց՝ մենք ժամանակավորապես փակել ենք բոլորը»,– հայտնել է նա։
Ռասբեյի խոսքով՝ դեպարտամենտը ստուգումներ է իրականացրել որոշ լողափերում, և դրանց մի մասն արդեն վերաբացվել է։ «Մյուսների դեպքում, կարծում եմ, մի փոքր ավելի շատ ժամանակ կպահանջվի՝ հնարավոր է՝ մեկ շաբաթ կամ ավելի, որպեսզի համոզվենք, որ դրանք մաքուր են և անվտանգ՝ լողալու համար։ Մենք դրանք կբացենք փուլ առ փուլ»,– պարզաբանել է նա։
Փոխնախագահի խոսքով՝ Ալ-Մարջան կղզու լողափերն առայժմ փակ են մնում, մինչդեռ մյուս լողափերում լողալն արդեն թույլատրված է։ Բոլոր լողափերի վերաբացման հստակ ժամկետ դեռ չկա։ «Ամեն ինչ կախված է հարցով զբաղվող Հանրային ծառայությունների դեպարտամենտի որոշումից։ Երբ լողափերը վերաբացվեն, այցելուները կարող են լիովին վստահ լինել իրենց անվտանգության հարցում։ Լողափերը չեն բացվի նույնիսկ ամենաչնչին կասկածի դեպքում»,– ընդգծել է Ռասբեյը։
Նա նաև նշել է, որ սա առաջին դեպքը չէ, երբ ԱՄԷ-ն բախվում է նման իրավիճակի։ «Չեմ կարծում, թե դա շատ ժամանակ կպահանջի։ Մենք լիովին վստահում ենք իշխանությունների փորձառությանը և հուսով ենք, որ շատ շուտով բոլոր լողափերը կրկին հասանելի կլինեն հյուրերի համար»,– եզրափակել է նա։



























