Իրանը Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաների դեմ «կեղտոտ ռումբի» կամ քիմիական զենքի կիրառմամբ հարձակումներ է ծրագրում, CNN-ին հայտնել են ամերիկյան հետախուզության տվյալներին ծանոթ աղբյուրները։ Նրանց խոսքով՝ ԱՄՆ-ի բացահայտած ծրագրերը եղել են հստակ և ներառել հարձակումների վայրերն ու թիրախները։ Թեև հետախուզությունը մոտալուտ հարձակման նշաններ չի հայտնաբերել, պատասխանատու պաշտոնյաները սկսել են նախապատրաստվել հնարավոր արտակարգ իրավիճակին։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Լորեն Բիսը հայտարարել է, որ ԱՄՆ-ը «հետևում է բոլոր հնարավոր սպառնալիքներին, սակայն այս պահին երկրի համար որևէ հավաստի սպառնալիք չկա»։ Այդուհանդերձ, CNN-ի փոխանցմամբ՝ ամերիկացի պաշտոնյաներն այս հետախուզական տվյալները գնահատել են որպես լարվածությունը սրելու Թեհրանի պատրաստակամության ազդանշան՝ ԱՄՆ-ի շարունակվող հարվածների և Իրանը «կործանող» տնտեսական շրջափակման պայմաններում։ Հեռուստաալիքի աղբյուրների համաձայն՝ այս իրավիճակը Թեհրանին դրդում է ակտիվորեն հնարավոր հարձակումներ ծրագրել ԱՄՆ տարածքում։ «Առայժմ բաց է մնում նաև նաև այն հարցը, թե արդյոք նրանք համապատասխան անձնակազմ ունեն այս առաջադրանքն իրագործելու համար»,– հավելել է CNN-ի զրուցակիցներից մեկը։

CNN-ի գնահատմամբ՝ ԱՄՆ-ը շարունակում է խիստ խոցելի մնալ ոչ ավանդական զենքի կիրառմամբ հարձակումների նկատմամբ։ Հեռուստաալիքը գրում է, որ «կեղտոտ ռումբերը», որոնցում սովորական պայթուցիկը համակցվում է ռադիոակտիվ նյութերի հետ, համեմատաբար հեշտ է պատրաստել։ Ըստ նույն աղբյուրի՝ նման հարձակման համար պարտադիր չէ, որ Իրանը գաղտնի կերպով ԱՄՆ տարածք տեղափոխի պատրաստված գործակալների. այն կարող է փորձել ներգրավել երկրում բնակվող որևէ անձի։ Հեռուստաալիքի աղբյուրները նաև պնդել են, թե ամերիկյան հետախուզությունն արդեն տվյալներ ունի ԱՄՆ տարածքում նման ռումբի պատրաստման համար անհրաժեշտ նյութերի թաքցված լինելու մասին։

Նյու Յորքում ՄԱԿ-ում Իրանի առաքելության ներկայացուցիչը հայտարարել է, որ Թեհրանը «ցանկացած հանգամանքներում քիմիական զենքի կիրառումը համարում է լիովին անօրինական»։ Միաժամանակ նա ուղղակիորեն չի մեկնաբանել «կեղտոտ ռումբ» ստեղծելու հնարավոր ծրագրի վերաբերյալ հետախուզական տվյալները։ Ամերիկացի պաշտոնյաներից մեկն ընդգծել է, որ Իրանը գիտակցում է պատասխան հարվածի վտանգը, որին կբախվի, եթե որոշի «կեղտոտ ռումբ» կիրառել ԱՄՆ տարածքում կամ Մերձավոր Արևելքում։

Անցյալ շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի «բավականին շուտ»։ Մինչդեռ դիվանագիտական ջանքերը մտել են փակուղի։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թրամփը պատրաստվում է Իրանի հետ պատերազմը քննարկել Վլադիմիր Պուտինի և Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպման ժամանակ։ Այս ֆոնին իսրայելական հետախուզությունը նախազգուշացրել է ԿՀՎ-ին, որ Թեհրանը ծրագրում է անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) միջոցով հարձակվել Թրամփի և ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների վրա։