Հանրապետական կուսակցությունն այս պահին քննարկում է վարչապետի եւ Ազգային Ժողովի նախագահի հարցը: Այդ մասին, ՀՀԿ գործադիր նիստից առաջ, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

Նա, անդրադառնալով քննարկվելիք հարցերի շրջանակին, նշել է, որ քննարկվելու են վարչապետի, Ազգային Ժողովի նախագահի եւ խորհրդարանական հանձնաժողովների նախագահների հարցերը:

Շարմազանովը չի բացառել, որ այսօր հնարավոր է կոալիցիոն հուշագիր ստորագրվի «Օրինաց երկիր» կուսակցության հետ` նշելով, որ հուշագիրը ստորագրվելու է ՕԵԿ-ի եւ  ՀՀԿ-ի միջեւ, քանի որ այդ երկու ուժերն էլ հայտարարել են, որ առաջիկա նախագահական ընտրություններում պաշտպանելու են Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

Հարցին, ՕԵԿ-ի՞ց, թե՞ ՀՀԿ-ից է լինելու ԱԺ նոր փոխնախագահը, ով փոխարինելու է ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանին, Շարմազանովը նշել է, թե այդ հարցը դեռ բաց է:

Մեկնաբանելով Հայ ազգային կոնգրեսի հայտարարությունը խորհրդարանի առաջին նիստին չմասնակցելու վերաբերյալ, Շարմազանովը նշել է, թե դա իրենց որոշումն է, եւ ՀՀԿ-ն հարգում է ցանկացած որոշում:

Նշենք, որ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստին հաջորդելու է ՀՀԿ խորհրդի նիստը: