Շատ կարևոր է, որպեսզի մայրաքաղաքում A կետից B կետ տեղափոխվելու համար Երևանի քաղաքապետարանը առաջարկի իր լուծումները, և այդ լուծումները չեն ներառելու միայն մեր լիազորությունները։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 17–ին, Երևանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի դժգոհություններին, որ Երևանում մի կետից մյուսը տեղափոխվելու համար տիեզերագնացծ առողջություն է պետք։
«Այդ լուծումները ենթադրելու են նաև կառավարության գործընկերների ընդհանուր կարգավորումների փոփոխություն, այդ լուծումները վերաբերելու են մեր դպրոցներին, վերաբերելու են ավտոմեքենաների քանակին, կանգառներին և ավտոկայանատեղիներին։ Իրականում այստեղ մենք ունենք անելիք, և մենք մեր անելիքը, նվազագույնը լուծումները հանրային քննարկման դնելու առումով, հենց այս տարի կանենք, իսկ մյուս տարի պլանավորում ենք փաստացի սկսել իրականացնել բոլոր այն լուծումները, որոնց վերաբերյալ կունենանք նվազագույնը որոշ շրջանակների հանրային համաձայնությունը»,–ասաց նա։
Անդրադառնալով դիտարկմանը, որ իր այդ հայտարարությամբ Աննա Հակոբյանը «տակառ գլորեց» քաղաքապետի ուղղությամբ, Ավինյանն ասաց. «Ես գնահատում եմ շատ բնական այդ ստեղծված նյարդը, որովհետև եթե քաղաքում օրեր շարունակ մենք ունենում ենք 10 բալանոց խցանում, դա նյարդայնացնող է։ Դա նյարդայնացնում է բոլորիս, ոչ միայն տիկին Հակոբյանին, նաև ինձ և մեր բոլոր համաքաղաքացիներին։
Այստեղ հարցը կարևոր է հստակեցնել, թե ով ինչ անելիք ունի։ Ես հասկանում եմ, որ մեզանից ակնկալիքները էականորեն ավելի մեծ են, քանի որ տեսնում են, որ կոնկրետ լուծումներ տարբեր հարցերին մենք տվել ենք և դիմադրություն է եղել այդ հարցերին լուծումներ տալու ընթացքում և մենք պատրաստ ենք այդ ակնկալիքը բավարարել։ Երևանի քաղաքապետարանն իր անելիքը անելու է»։





























