Ֆրանսիական Ici Paris թերթին տուգանել են 8 հազար եվրոյով` Սելին Դիոնի հղիության մասին հոդված տպագրելու համար:

Թերթը 2010 թվականին գրել էր, որ Դիոնը տեղափոխվել է հիվանդանոց` վիժելու վտանգի պատճառով եւ հավելել, որ Սելին Դիոնի հղիության ընթացքում առաջ եկած խնդիրները կապված են նրա հետ, որ 42-ամյա երգչուհին արդեն դուրս է եկել երեխա ծննդաբերելու նորմալ տարիքից:

Երգչուհին այն ժամանակ հերքել էր իր հիվանդանոց տեղափոխվելու մասին լուրերը, իսկ երկու ամիս անց երկու առողջ որդի էր ունեցել, թեեւ ժամանակից մի փոքր շուտ: Դիոնը դատի էր տվել Ici Paris թերթին` իր անձնական կյանքին միջամտելու համար:

Երգչուհու փաստաբանը թերթից պահանջել էր 100 հազար եվրո փոխհատուցում վճարել Սելին Դիոնին եւ եւս 100 հազար եվրո` նրա ամուսնուն` Ռենե Անժելիլյային, հաղորդում է Lenta.ru-ն:

Դատարանը, սակայն, զգալիորեն կրճատել էր փոխհատուցման չափը, որոշելով, որ թերթը պետք է վճարի միայն երգչուհուն:

Բացի այդ, Ici Paris-ը 2 հազար եվրո կվճարի դատական ծախսերի համար: Թերթը լույս է տեսնում ամեն շաբաթ` 337 հազար տպաքանակով: