The Economist ամսագիրը կարծում է, որ 2027 թվականը կդառնա համաշխարհային ճգնաժամերի և ցնցումների ժամանակաշրջան։ Այսպիսի կանխատեսում է ներկայացվել The World Ahead ամենամյա զեկույցում։
Պարբերականի շապիկին պատկերված են անտառային հրդեհներ, տանկեր, ռազմանավեր, պայթյուններ, քվեատուփ, անկում արձանագրող ֆինանսական գրաֆիկ, իսկ կողքին՝ տիեզերական հրթիռ, արբանյակ, կինոժապավեն և ուղեղի տեսքով միկրոսխեմա։
The Economist-ը հաջորդ տարվա համար 10 կանխատեսում է արել։ Գլխավոր քաղաքական մարտահրավերներից է ԱՄՆ-ի ապագան նախագահ Դոնալդ Թրամփից հետո։
«Կսկսվի Դոնալդ Թրամփի իրավահաջորդը դառնալու մրցավազքը։ Սակայն նա «կաղ բադ» չի լինի, այլ ավելի շուտ՝ ավերիչ «զայրացած թռչուն»», — կարծում են հեղինակները։
Հրապարակման մեջ նկարագրվում են նաև Մերձավոր Արևելքում պատերազմի հետևանքները և Եվրոպայում աջ պոպուլիստական ուժերի հզորացումը։ Մասնավորապես, լրագրողները կանխատեսում են Մարին Լը Պենի հաղթանակը Ֆրանսիայի նախագահական ընտրություններում։ Բացի այդ, The Economist-ը մատնանշում է աշխարհում ֆինանսական անկայունության ռիսկերը և Թայվանի լարվածության հավանական օջախ դառնալը։
Կանխատեսման զգալի մասը նվիրված է արհեստական բանականությանը։ The Economist-ն ակնկալում է խոշոր տեխնոլոգիական ընկերությունների նկատմամբ հանրային դժգոհության ուժեղացում և ոլորտի ընկերությունների պարտքերի հետևանքով ֆինանսական ռիսկերի աճ։ Լրագրողները հնարավոր են համարում, որ գալիք տարին ևս կուղեկցվի ռեկորդային շոգով, երաշտներով և անտառային հրդեհներով՝ միաժամանակ կանխատեսելով վերականգնվող էներգիայի աղբյուրների նկատմամբ հետաքրքրության աճ։
Ինչպես գրում է The Economist-ը, SpaceX ընկերության Starship տիեզերանավի զարգացման շնորհիվ ակնկալվում է տիեզերական արձակումների արժեքի նվազում։ Միաժամանակ աճում է ուղեծրում տվյալների մշակման կենտրոններ տեղակայելու նկատմամբ հետաքրքրությունը։




























