Շիրակի մարզի Փանիկ գյուղում կախվելու միջոցով ինքնասպանություն գործած 62-ամյա Ռաֆիկ Պետոյանն այդ քայլին է գնացել ախտորոշված հիվանդության պատճառով, որ հետագայում ընտանիքի համար ծանրություն չդառնա: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Փանիկի գյուղապետ Հրաչ Սալնազարյանը: Նրանից նաեւ տեղեկացանք, որ Ռաֆիկ Պետոյանը վերջերս գնացել է ստուգման եւ նրա մոտ լուրջ հիվանդություն են ախտորոշել, ուստի գյուղապետը կարծում է, որ նա որոշել է ընտանիքի համար ծանրություն չդառնալու համար ինքնասպանության դիմել:
Ի դեպ, Ռաֆիկ Պետոյանը, պայմանավորվածության համաձայն, վաղը եւս պետք է գնար Երեւան` ստուգման նպատակով: Գյուղապետի ներկայացմամբ, Ռ. Պետոյանն ամուսնացած էր, ուներ կին եւ ապրում էր միակ որդու հետ, աղջիկները վաղուց ամուսնացել ու գյուղից հեռացել են: Ընտանիքը զբաղվում է անասնապահությամբ:
Գյուղապետի խոսքով, նրանց սոցիալական կարգավիճակը նորմալ է: «Համերաշխ ընտանիքի էին: Վատ բան չեմ լսել այդ ընտանիքի մասին»,-ասաց նա:
Հարցին, թե նա ինքնասպանությունից առաջ գրություն թողե՞լ է կամ ինչ-որ բան փոխանցե՞լ է ընտանիքին, թե` ոչ գյուղապետն արձագանքեց. «Ոչ մի բան էլ չի թողել: Տղան պարզապես անասուններին դաշտ է տարել եւ, երբ հետ է եկել, ճաշելիս նկատել է, որ հայրը չկա: Փնտրել է եւ գտել ձեռնահարկում` կախված վիճակում»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մայիսի 30-ի առավոտյան, հերթական ինքնասպանությունն է գրանցվել: Իր տան ձեղնահարկում կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել Շիրակի մարզի Փանիկ գյուղի 62-ամյա բնակիչ Ռաֆիկ Պետոյանը:



























