ԱՄՆ բանակում զինծառայողներին ծառայությունը շարունակելու համար խրախուսելու նոր միջոց են մտածել։ Ջորջիա նահանգի Ֆորտ Սթյուարտ ռազմաբազայում տեղակայված 3-րդ հետևակային դիվիզիայի զինվորներին առաջարկել են չորս հանգստյան օր՝ GTA VI խաղալու համար։ Սակայն այս հնարավորությունից օգտվելու համար անհրաժեշտ է բանակի հետ պայմանագիրը երկարաձգել առնվազն երկու տարով, գրում է BBC-ն։

Առաջարկն արվել է խաղի թողարկմանն ընդառաջ, որը նախատեսված է նոյեմբերի 19-ին։ Հրամանատարությունը որոշել է օգտվել երկար սպասված խաղի նկատմամբ զինվորների հետաքրքրությունից և լրացուցիչ հանգստյան օրերը ներառել ծառայությունը երկարաձգելու խրախուսման ծրագրում։

Դիվիզիայի ներկայացուցիչ, փոխգնդապետ Էնջել Թոմկոն հաստատել է ծրագրի գոյությունը։ Նրա խոսքով՝ հրամանատարությունը ցանկանում էր զինվորներին առաջարկել նրանց անձնական հետաքրքրություններին համապատասխանող խրախուսանք։ Այս հնարավորությունից օգտվելու իրավունք ունեցող 130 զինծառայողներից 20-ը մինչև օգոստոս ընտրել էին հենց GTA VI խաղալու համար նախատեսված քառօրյա արձակուրդը։