Իմ նկատմամբ քրեական գործ է հարուցվել այն բանի համար, որ ես կոռուպցիոն սխեմա եմ բացահայտել։ Այս մասին նոյեմբերի 17-ին Ազգային ժողովի նիստում հայտարարել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը՝ մեկնաբանելով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների ելույթները։
Մանուկյանի խոսքով՝ քաղաքակիրթ Եվրոպայում քաղաքական գործիչների վրա ձու են նետում, յոգուրտ են լցնում, և դրա համար ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում։
«Իսկ ինձ մեղադրանք են առաջադրել, որը նախատեսում է մինչև հինգ տարվա ազատազրկում։ Ինչո՞ւ։ Որովհետև մանկապարտեզի համար հատկացված գումարները յուրացրել ու վատնել են։ Այ հենց դրա համար էլ իմ նկատմամբ քրեական գործ է հարուցվել», — ասել է Մանուկյանը։
Պատգամավորը նաև նշել է, որ երբ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչները խոսում են Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք «Պոպլավոկ» ռեստորանում տեղի ունեցած միջադեպի մասին, պետք է հիշեն նաև հղի Սոնա Մնացականյանի դեպքը։ Նա զոհվել է Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան մեքենաներից մեկի վրաերթի հետևանքով։
«Հիշե՛ք՝ ավտոշարասյան մեջ բժիշկ կար, սակայն նրանք կանգ չեն առել և նրան օգնություն չեն ցուցաբերել», — հավելել է ընդդիմադիր պատգամավորը։





























