Հայաստանի կառավարությունն առաջարկում է ոստիկանությունում կամ Փրկարար ծառայությունում 10 տարի անընդմեջ ծառայելուց հետո պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հնարավորություն նախատեսել։ Այս մասին նոյեմբերի 17-ին Ազգային ժողովի նիստում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ հայտարարել է ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը։
Նրա խոսքով՝ նախաձեռնությամբ նախատեսվում է ոստիկանության և Փրկարար ծառայության համար կադրերի պատրաստման նոր համակարգ, որը մասնագիտական կրթությունը համատեղում է ժամկետային զինվորական ծառայությունից տարկետման և հետագայում ՆԳՆ համակարգում ծառայության անցնելու հետ։
«Պետական պատվերի շրջանակում ՆԳՆ ուսումնական հաստատությունում միջին մասնագիտական կրթական ծրագրով սովորելու ընդունված քաղաքացիներին ուսումնառության ամբողջ ժամանակահատվածի համար տարկետում կտրամադրվի։ Ուսումն ավարտելուց և ոստիկանությունում կամ Փրկարար ծառայությունում պաշտոնի նշանակվելուց հետո տարկետում կտրամադրվի օրենքով նախատեսված անընդմեջ ծառայության ժամկետով, բայց ոչ ավելի, քան մինչև 35 տարին լրանալը», - պարզաբանել է Մկրտչյանը։
Նշված կառույցներում 10 տարի անընդմեջ ծառայած և օրենքով սահմանված պայմանները կատարած շրջանավարտները կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից։
Մկրտչյանի խոսքով՝ ՆԳՆ-ն ակնկալում է, որ նոր համակարգը թույլ կտա բարձրացնել ծառայության գրավչությունը, մեծացնել դիմորդների միջև մրցակցությունը և ապահովել կադրերի պատշաճ պատրաստում ինչպես ոստիկանության, այնպես էլ Փրկարար ծառայության համար։
Առաջին փուլում նախատեսվում է պետական պատվերով ուսուցման համար հատկացնել 70 տեղ՝ զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով։ Հետագայում տեղերի թիվը կարող է ավելացվել, սակայն՝ կառավարության որոշմամբ։
Ուսման տևողությունը կկազմի մեկուկես տարի։ Նախկինում հրապարակված հաշվարկների համաձայն՝ մեկ սովորողի պատրաստման համար պետական բյուջեի ծախսերը կկազմեն շուրջ 4,33 մլն դրամ, որից 1,71 մլն դրամը՝ սովորողին կատարվող վճարումների, իսկ շուրջ 2,62 մլն դրամը՝ ուսուցման կազմակերպման և այլ ծախսերի համար։





























