Վրաստանը երրորդ եռամսյակում արտաքսել է Թուրքիայի 306 և Ռուսաստանի 109 քաղաքացու։ Ընդհանուր առմամբ, հուլիսից սեպտեմբեր արտաքսման որոշման հիման վրա երկիրը լքել է 1134 օտարերկրացի, հայտնում է Грузия Online-ը՝ հղում անելով երկրի ՆԳՆ տվյալներին։
Թուրքիայի քաղաքացիներն արտաքսվածների թվով շարունակում են առաջին տեղը զբաղեցնել։ Ռուսաստանի քաղաքացիները բարձրացել են երկրորդ հորիզոնական. առաջին կիսամյակի արդյունքներով նրանք չորրորդ տեղում էին։ Նրանց հաջորդում են Թուրքմենստանի քաղաքացիները՝ 93 մարդ, Իրանի՝ 85 մարդ և Հնդկաստանի՝ 79 մարդ։
Արտաքսված ռուսաստանցիների թիվն աճում է յուրաքանչյուր եռամսյակ. հունվարից մարտ Վրաստանից արտաքսվել է 66 մարդ, ապրիլից հունիս՝ 79 մարդ, իսկ հուլիսից սեպտեմբեր՝ 109 մարդ։ Ընդհանուր առմամբ, 2026 թվականի սկզբից երկիրը լքել է Ռուսաստանի 254 քաղաքացի։ Համեմատության համար՝ ամբողջ 2025 թվականի ընթացքում արտաքսվել էր 73 ռուսաստանցի։
Երրորդ եռամսյակում Վրաստանը արտաքսել է նաև Բելառուսի և Ուկրաինայի 15-ական քաղաքացու։ Տարեսկզբից այդ ցուցանիշները կազմել են համապատասխանաբար 39 և 30 մարդ։ 2025 թվականին երկրից արտաքսվել էր Բելառուսի վեց քաղաքացի, մինչդեռ Ուկրաինայի քաղաքացիներ չէին արտաքսվել։
Վրաստանում օտարերկրացիների արտաքսման մասին որոշումն ընդունում է դատարանը։ Հիմք կարող են ծառայել երկրում գտնվելու թույլատրված ժամկետը գերազանցելը, երկրում ազատազրկման պատիժը կրած լինելը, ինչպես նաև հանցագործություններ կամ վարչական իրավախախտումներ կատարելը։





























