ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը լրջորեն է վերաբերվում ամերիկյան մայրաքաղաքում Իրանի կողմից այսպես կոչված «կեղտոտ ռումբի» կիրառման հնարավոր սպառնալիքին, փոխանցում է Reuters-ը։

Նա այսպես է մեկնաբանել CNN-ի հրապարակած տեղեկությունն այն մասին, թե ամերիկյան հետախուզությունն ուսումնասիրում է նման հարձակում կազմակերպելու Թեհրանի հնարավոր ծրագրերը։

Մանիլայում լրագրողների հետ զրույցի ժամանակ Թրամփին հարցրել են՝ արդյոք Իրանը պատրաստվում է Վաշինգտոնում «կեղտոտ ռումբ» պայթեցնել։ ԱՄՆ նախագահը դրական պատասխանի նշանով գլխով է արել, ապա հայտարարել, որ ամերիկյան իշխանություններն ուսումնասիրում են այդ տեղեկությունը։

Այն հարցին, թե արդյոք հարձակման անմիջական սպառնալիք կա, Թրամփը պատասխանել է. «Եթե նման սպառնալիք կա, նրանք այնպիսի գին կվճարեն, ինչպիսին պատմության մեջ դեռևս չի վճարել ոչ մի երկիր»։

Երբ լրագրողները կրկին հարցրել են՝ արդյոք հիմքեր կան կարծելու, որ հարձակումն անխուսափելի է, ԱՄՆ նախագահը հայտարարել է. «Հուսով եմ՝ ոչ, բայց մենք դրան շատ լուրջ ենք վերաբերվում, քանի որ նրանք, ինչպես հայտնի է, խելագար են»։

Ավելի վաղ CNN-ը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնել էր, որ ամերիկյան հետախուզության գնահատականներով՝ Թեհրանը Վաշինգտոնում «կեղտոտ ռումբ» պայթեցնելու հնարավոր ծրագրեր է մշակում։

Ի պատասխան հեռուստաալիքի հրապարակած տեղեկության՝ Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը, անհիմն լուրեր տարածելով՝ այդ թվում Իրանի կողմից իբր «կեղտոտ ռումբ» պատրաստելու մասին, տեղեկատվական դաշտ են նախապատրաստում Թեհրանի դեմ նոր ագրեսիայի համար։

«Կեղտոտ ռումբը» սարք է, որում սովորական պայթուցիկ նյութերն օգտագործվում են ռադիոակտիվ նյութեր տարածելու համար։

Ի տարբերություն միջուկային զենքի՝ այն միջուկային պայթյուն չի առաջացնում, սակայն կարող է հանգեցնել ռադիոակտիվ աղտոտման, խաթարել քաղաքային ծառայությունների աշխատանքը և խուճապ առաջացնել բնակչության շրջանում։