Պրահայում երկու մարդատար գնացքների բախման հետևանքով տուժել է 46 մարդ, որոնցից չորսը ծանր վնասվածքներ են ստացել։ Ծանր վիրավորների թվում են երկու մեքենավարները։ Եվս 12 մարդ ստացել է միջին ծանրության, իսկ 30-ը՝ թեթև վնասվածքներ։ Բոլոր տուժածները տեղափոխվել են Պրահայի հիվանդանոցներ, հայտնում է չեխական ČTK լրատվական գործակալությունը՝ հղում անելով արտակարգ ծառայություններին։

Վթարը տեղի է ունեցել նոյեմբերի 17-ի առավոտյան՝ ժամը 7:20-ի սահմաններում, Չեխիայի մայրաքաղաքի գլխավոր կայարանի մերձակայքում՝ Սեյֆերտովա փողոցի վրայով անցնող երկաթուղային կամրջի վրա։ Փոքր արագությամբ ճակատ ճակատի են բախվել երկու մարդատար շարժակազմերը. դրանցից մեկն ուղևորվում էր Միլովիցե, իսկ մյուսը ժամանել էր Մլադա Բոլեսլավից։

Չեխիայի տրանսպորտի նախարար Իվան Բեդնարժիկը հայտարարել է, որ, նախնական տվյալներով, գնացքներից մեկը հնարավոր է անցած լինի լուսացույցի արգելող ազդանշանի տակով։ Անվտանգության ավտոմատ համակարգն ակտիվացրել է վթարային արգելակումը, սակայն բախումը կանխել չի հաջողվել. գնացքներն իրար են հարվածել արգելակման ընթացքում։ Նախարարն ընդգծել է, որ դեռ վաղ է հստակ ասել՝ վթարի պատճառը տեխնիկական անսարքությո՞ւնն է եղել, թե՞ մարդկային գործոնը։

Դեպքի վայրում աշխատել են հրշեջներ, ոստիկաններ և շտապօգնության բրիգադներ։ Փրկարարական աշխատանքներն ավարտվել են առավոտյան, ինչից հետո հետաքննությանն անցել են քրեագետներն ու Երկաթուղային տեսչության մասնագետները։ Նախնական նյութական վնասը գնահատվում է ավելի քան 16 մլն չեխական կրոն։

Բախման պատճառով խաթարվել է Պրահայի երկաթուղային հաղորդակցությունը. Վիսոչանի և Լիբեն շրջանների ուղղությամբ երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է, իսկ գնացքների մի մասն ուղղորդվել է այլ կայարաններ։ Ժամը 9:00-ից հետո հաջողվել է վերականգնել գլխավոր կայարանի չորս կառամատույցների աշխատանքը, սակայն ուշացումներն ու սահմանափակումները դեռ պահպանվել են։ «Չեխական երկաթուղիներ» ընկերությունից հայտնել են, որ տուժածներին կփոխհատուցեն վնասվածքների և կրած նյութական վնասի հետ կապված ծախսերը։