Ֆրանսիայի նախագահի պաշտոնին հավակնող Մարին Լը Պենը խոստացել է չեղարկել Էմանուել Մակրոնի կենսաթոշակային բարեփոխումը, որով կենսաթոշակային տարիքը 62-ից բարձրացվել է 64-ի, հայտնում է Reuters-ը։
Նրա ծրագիրը հարյուր հազարավոր ֆրանսիացիների հնարավորություն կտա կենսաթոշակի անցնել երկու-երեք տարի ավելի շուտ, ինչպես նաև 900 միլիարդ եվրոյի կենսաթոշակային հիմնադրամի ստեղծում է նախատեսում։
Լը Պենը, որը հաջորդ գարնանն անցկացվելիք նախագահական ընտրություններից առաջ առաջատարն է հասարակական կարծիքի հարցումներում, իր առաջարկները ներկայացրել է այն ֆոնին, երբ գնալով ավելի շատ հարցեր են առաջանում այն մասին, թե ինչպես է իր «Ազգային միավորում» կուսակցությունը մտադիր կրճատել բյուջեի պակասուրդը՝ միաժամանակ կատարելով ընտրողներին տված խոստումները։
«Ես լսել եմ նրանց, ովքեր մտավախություն ունեն, որ մինչև իրենց կենսաթոշակի անցնելը ֆրանսիական սոցիալական մոդելը չի պահպանվի։ Այս բարեփոխումն ապագայի խոստում է և ֆրանսիական մոդելի հանդեպ հավատի դրսևորում»,- մամուլի ասուլիսում հայտարարել է Լը Պենը։
Նրա առաջարկած հիմնադրամը պետք է լրացնի գործող բաշխողական կենսաթոշակային համակարգը։ Դրա ձևավորմանն ամեն տարի նախատեսվում է ուղղել 12 միլիարդ եվրո՝ գործատուների գործող վճարների մի մասի վերաբաշխման հաշվին։ Հիմնադրամը կառավարելու է Caisse des Dépôts պետական ֆինանսական կազմակերպությունը, որը նախատեսում է տարեկան միջինը 4–6% եկամտաբերություն ապահովել։
Ըստ «Ազգային միավորման» նախագահ Ժորդան Բարդելլայի՝ 2028 թվականին աշխատանքային գործունեությունը սկսած անձը կենսաթոշակի անցնելիս կկարողանա հիմնադրամից միջինը 70 հազար եվրո ստանալ։
«Մենք պատրաստվում ենք վերջ դնել մեր երկրում պահպանված վերջին արտոնություններից մեկին՝ այն ֆինանսական գործիքների հասանելիությանը, որոնք այսօր հարստացնում են փոքրամասնությանը, և միաժամանակ բարելավել ազգային տնտեսության ֆինանսավորումը»,- հայտարարել է Լը Պենը։
Սակայն նրա խոստումները հարցեր են առաջացնում ներդրողների և տնտեսագետների շրջանում, քանի որ Ֆրանսիան բախվում է պետական պարտքի բարձր մակարդակին և բյուջեի պակասուրդը կրճատելու անհրաժեշտությանը։ Կենսաթոշակային ծախսերը, որոնք երկրի պետական ծախսերի ամենամեծ հոդվածն են, հաջորդ տարի պետք է գերազանցեն 430 միլիարդ եվրոն։
Բյուջետային հարցերով կուսակցության ներկայացուցիչ Ժան-Ֆիլիպ Տանգին կենսաթոշակային բարեփոխմանն առնչվող համախառն լրացուցիչ ծախսերը մինչև 2032 թվականը գնահատել է 18,6 միլիարդ եվրո։ Նրա գնահատմամբ՝ այդ գումարի զգալի մասը կփոխհատուցվի խնայողության միջոցառումներով, ներառյալ՝ կենսաթոշակային վճարների հաշվառման կանոնների խստացմամբ։ Արդյունքում, ինչպես պնդում է կուսակցությունը, կենսաթոշակային համակարգի պակասուրդը 2032 թվականին կկազմի 4,8 միլիարդ եվրո՝ ներկայում կանխատեսվող 9,5 միլիարդ եվրոյի փոխարեն։
Լը Պենը նաև խոստացել է մինչև հաջորդ նախագահական ժամկետի ավարտը՝ 2032 թվականը, հասնել բյուջետային միջոցների ընդհանուր առմամբ 140 միլիարդ եվրոյի խնայողության։ Միևնույն ժամանակ տնտեսագետները կասկածում են, որ այս նպատակները համատեղելի են Մակրոնի բարեփոխման չեղարկման հետ։
Ըստ «Ազգային միավորման» առաջարկների՝ ֆրանսիացիները կկարողանան կենսաթոշակի անցնել 60-62 տարեկանում՝ կենսաթոշակային վճարներ կատարած լինելու 40–42 տարվա ստաժի առկայության դեպքում։ Կոնկրետ պայմանները կախված կլինեն այն բանից, թե անձը որ տարիքից է սկսել աշխատել։ Համալսարանավարտները, հավանաբար, նախկինի պես ստիպված կլինեն աշխատել մինչև 60 տարեկանը և ավելի երկար՝ կենսաթոշակային վճարումների կրճատումից խուսափելու համար։
Կուսակցությունը նաև մտադիր է խստացնել կենսաթոշակային վճարների անհրաժեշտ ստաժը կարգավորող կանոնները և գործատուների համար ֆինանսական խթաններ ստեղծել, որպեսզի նրանք տարեց աշխատակիցներին ավելի երկար պահեն աշխատատեղերում։





























