Ռուսաստանի Պետդուման առաջին ընթերցմամբ հավանություն է տվել օրինագծի, որը գրեթե կրկնապատկելու է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՌԴ օրենսգրքի 29 հոդվածներով նախատեսված տուգանքները, հաղորդում է «Коммерсантъ»-ը։

Հնարավոր է բարձրացվեն ամենատարածված վարչական իրավախախտումների համար տուգանքները՝ հասարակական վայրերում ծխելուց և ալկոհոլ օգտագործելուց մինչև մանր խուլիգանություն և հանրահավաքների անցկացման կանոնների խախտումներ։

Այսպես, հասարակական վայրերում ծխելու, փողոցում ոգելից խմիչք օգտագործելու և հարբած վիճակում հայտնվելու համար առաջարկվում է սահմանել 1000–3000 ռուբլի տուգանք՝ ներկայիս 500–1500 ռուբլու փոխարեն։ Մանր խուլիգանության համար տուգանքը կարող է հասնել 1000–2000 ռուբլու։ Իսկ ոստիկանությանը չենթարկվելու համար առավելագույն տուգանքը 2000-ից կբարձրանա մինչև 7500 ռուբլի։

Կբարձրանան նաև անձնագիր չունենալու կամ անվավեր փաստաթղթով բնակվելու համար տուգանքները։ Ներկայիս 2000–3000 ռուբլու փոխարեն քաղաքացիների նկատմամբ կարող են սահմանվել 4000–6000 ռուբլու տուգանքներ։ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում գումարը կկազմի 6000-ից մինչև 10 հազար ռուբլի՝ ներկայիս 3000–5000-ի փոխարեն։

Ավելի լուրջ փոփոխությունները կվերաբերեն հանրահավաքների անցկացման կանոնների խախտումներին։ Նման խախտումների համար առաջարկվում է քաղաքացիների նկատմամբ սահմանել 15 հազարից մինչև 20 հազար ռուբլու տուգանքներ, իսկ կազմակերպությունների համար առավելագույն տուգանքը 100 հազարից բարձրացնել մինչև 200 հազար ռուբլի։

Առանց իշխանություններին ծանուցելու հանրահավաք կամ պիկետ կազմակերպելու համար քաղաքացիների տուգանքը կարող է բարձրանալ մինչև 30 հազարից մինչև 50 հազար ռուբլի՝ ներկայիս 20-30 հազարի փոխարեն։ Իրավաբանական անձանց համար առաջարկվում է այն բարձրացնել մինչև 130–370 հազար ռուբլի՝ ներկայիս 70–200 հազարի փոխարեն։

Օրինագիծը նախատեսում է նաև բարձրացնել ծայրահեղական նյութեր տարածելու և ՌԴ զինված ուժերը վարկաբեկելու համար տուգանքները։ Քաղաքացիների համար դրանք կկազմեն 35–50 հազար ռուբլի, պաշտոնատար անձանց համար՝ 200 հազարից մինչև 370 հազար, իսկ կազմակերպությունների համար՝ 600 հազարից մինչև 1 միլիոն ռուբլի։ Ներկայում համապատասխան իրավախախտումների համար իրավաբանական անձանց առավելագույն տուգանքը հասնում է 500 հազար ռուբլու։

Օրինագծի հեղինակները բարձրացումը բացատրում են նրանով, որ գործող տուգանքներն այլևս չեն համապատասխանում տնտեսական իրավիճակին և բավարար չափով չեն դրդում քաղաքացիներին պահպանել օրենքը։

«Коммерсантъ»-ի հաշվարկներով՝ նույնիսկ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի հինգ ամենատարածված հոդվածներով տուգանքների բարձրացումը կարող է բյուջե բերել տարեկան մինչև 4,4 միլիարդ ռուբլի։