Խորհրդարանական ընտրություններում հաղթած սերբական «Ուսանողական ցուցակ» կուսակցությունն առաջին անգամ ներկայացրել է արտաքին քաղաքականության պաշտոնական ծրագիրը։
Այն նախատեսում է Սերբիայի՝ Եվրամիությանն անդամակցելուն ուղղված կուրս, Ռուսաստանի հետ ավանդական հարաբերությունների պահպանում և հակառուսական պատժամիջոցներին միանալուց հրաժարում։
Փաստաթղթում նշվում է, որ ԵՄ-ն շարունակում է մնալ Սերբիայի կարևորագույն տնտեսական գործընկերը։ Կուսակցությունը մտադիր է հասնել եվրոպական ինտեգրման ճանապարհին երկրի առաջընթացին՝ առաջին հերթին դատական համակարգի բարեփոխումների, հիմնարար իրավունքների պաշտպանության և եվրոպական ֆինանսական հաստատությունների հետ համագործակցության զարգացման միջոցով։
Միաժամանակ «Ուսանողական ցուցակը» խոստանում է պահպանել Ռուսաստանի հետ գործընկերությունը, ներառյալ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Սերբիայի տարածքային ամբողջականության հարցերի շուրջ դիրքորոշումների համակարգումը։ Ծրագրում հստակ հայտարարվում է, որ Բելգրադը Մոսկվայի դեմ սահմանափակող միջոցներ չի կիրառի։ Միևնույն ժամանակ կուսակցությունը հանդես է գալիս Ուկրաինայի տարածքային ամբողջականության, ռազմական գործողությունների դադարեցման և հակամարտությունների խաղաղ կարգավորման օգտին։
Արտաքին քաղաքական կուրսը ենթադրում է նաև Սերբիայի ռազմական չեզոքության պահպանում և ԱՄՆ-ի ու Չինաստանի հետ հարաբերությունների զարգացում։ կուսակցությունը մտադիր է Վաշինգտոնի հետ ընդլայնել համագործակցությունն էներգետիկայի, տրանսպորտի, հեռահաղորդակցության և պաշտպանության ոլորտներում, իսկ Պեկինի հետ՝ զարգացնել տնտեսական կապերը և ներգրավել բարձր տեխնոլոգիաների ոլորտի ներդրումներ։
Ծրագրում առանձին տեղ են զբաղեցնում Կոսովոն և Մետոխիան։ «Ուսանողական ցուցակը» հանդես է գալիս այդ տարածքը Սերբիայի կազմում պահպանելու օգտին, միջազգային կազմակերպություններին դրա անդամակցության դեմ և այն համաձայնագրերի վերանայման օգտին, որոնք կուսակցությունը համարում է Սերբիայի սահմանադրությանը հակասող։
Բացի դրանից, «Ուսանողական ցուցակը» խոստանում է ամրապնդել կապերը սերբական սփյուռքի հետ, պաշտպանել հարևան երկրներում սերբերի իրավունքները և ընդլայնել համագործակցությունը Լատինական Ամերիկայի ու Աֆրիկայի պետությունների, ինչպես նաև Հնդկաստանի հետ։ Մերձավոր Արևելքի հակամարտության առնչությամբ կուսակցությունը հայտարարում է Գազայում Իսրայելի գործողությունների անընդունելիության և պաղեստինցիներին տրամադրվող մարդասիրական օգնությունն ավելացնելու մտադրության մասին։





























