Կանադայի Մանիտոբա նահանգում անհայտ անձինք եկեղեցու զանգակատնից գողացել են մոտ 120 տարվա պատմություն ունեցող և ավելի քան 130 կգ կշռող զանգը, հայտնել են Կանադայի թագավորական հեծյալ ոստիկանությունից (RCMP)։

Ոստիկանությունը կասկածում է, որ այն կարող էին գողանալ իբրև մետաղի ջարդոն վաճառելու նպատակով։

Զանգն անհետացել է Վինիպեգից հյուսիս գտնվող գյուղական վայրում գտնվող Ուկրաինական կաթոլիկ եկեղեցու զանգակատնից։ Ոստիկանության հրապարակած լուսանկարներում երևում են զանգակատան փայտե երեսպատման վնասվածքները։ Քննիչները դեռ չեն պարզել, թե երբ և ինչպես են գողերը կարողացել հանել ու տեղափոխել ծանր զանգը։

Կանադական CBC հեռարձակող ընկերության տվյալներով՝ զանգը պատրաստված է արույրից և զարդարված դեկորատիվ տարրերով։ Սակայն, ինչպես ենթադրել է ոստիկանության աշխատակցուհին, հանցագործներին կարող էր առաջին հերթին հետաքրքրել մետաղը, այլ ոչ թե զանգի գեղարվեստական արժեքը։

Իրավապահներն արդեն կապ են հաստատել տարածաշրջանի, այդ թվում՝ Վինիպեգի մետաղի ջարդոնի ընդունման և թափոնների վերամշակման կետերի հետ ու խնդրել հայտնել, եթե որևէ մեկը փորձի զանգը հանձնել։

Մանիտոբայի պատմական ընկերության տվյալներով՝ զանգը Շվեյցարիայից Կանադա է բերվել 1906 թվականին։