Թուրքիայում անձնական տվյալների ապօրինի հավաքման և վաճառքի գործով 14 մարդ է կալանավորվել, հայտնում է Anadolu-ն։
Եվս 36 կասկածյալի նկատմամբ դատական վերահսկողություն է սահմանվել, իսկ 29-ին հարցաքննությունից հետո ազատ են արձակել։ Գործով ընդհանուր առմամբ 79 մարդ է ձերբակալվել։
Քննությունն իրականացնում է Ստամբուլի ոստիկանությունը՝ քաղաքի դատախազության համակարգմամբ։ Քննության տվյալներով՝ կասկածյալներն անձնական տվյալներ են ձեռք բերել չարտոնված հասանելիության միջոցով, տարածել և վաճառել դրանք։ Իրավապահների պնդմամբ՝ այդ տեղեկություններն օգտագործվել են սպառնալիքների և շանտաժի համար, ներառյալ՝ մեծ արձագանք ստացած միջադեպերի առնչությամբ։ Բացի դրանից, հանցագործները տարածել են բանկային քարտերի տվյալներ և դրանք օգտագործել գնումներ կատարելու համար։
Քննության վարկածով՝ գողացված տեղեկություններն օգտագործվել են նաև սոցիալական ցանցերում և այլ հավելվածներում հաշիվներ ապօրինի մուտք գործելու համար։ Քննության ընթացքում ոստիկանությունն օգտագործել է արհեստական բանականությամբ աշխատող AVCI համակարգը։
Գործողությունը միաժամանակ իրականացվել է Ստամբուլի և Թուրքիայի ևս 41 նահանգի տարբեր հասցեներում։ Բոլոր 79 ձերբակալվածները տեղափոխվել են ոստիկանություն։ Քննչական գործողությունների ավարտից հետո 50 մարդ կանգնել է դատարանի առաջ. նրանցից 14-ը կալանավորվել են, իսկ մյուս 36-ի նկատմամբ դատական վերահսկողության միջոցներ են կիրառվել։
Առանձին քննության շրջանակում Ստամբուլում ձերբակալել են զանգերի կենտրոնի միջոցով խարդախություն կատարելու մեջ կասկածվող ևս 28 անձի։ Ոստիկանության տվյալներով՝ նրանք հորինված անուններով զանգահարել են քաղաքացիներին և պնդել, թե վերջիններիս պատիժ է սպառնում համացանցով պատվիրված ապրանքները չստանալու համար։ Հանցագործները մարդկանց համոզել են, որ տուգանքի մասին տեղեկությունը կարելի է ստուգել էլեկտրոնային կառավարության e-Devlet պորտալի միջոցով, և պահանջել են գումար փոխանցել։
Զանգերի կենտրոնը գտնվել է Սուլթանգազի շրջանում։ Ոստիկանությունը խուզարկություններ է իրականացրել մի քանի հասցեներում, այդ թվում՝ Քյուչյուքչեքմեջե և Քյաղըթհանե շրջաններում։ Գործողության ընթացքում առգրավվել են զրահաբաճկոն, չգրանցված ատրճանակ և չորս փամփուշտ։ Ձերբակալվածներին տեղափոխել են ոստիկանություն։





























