ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը դադարեցնելու ջանքերը մոտենում են բեկումնային կետի։ Դրա մասին նա հայտարարել է երեքշաբթի՝ նոյեմբերի 17-ին, Մանիլայում Հնդկաստանի, Ճապոնիայի և Ավստրալիայի առաջնորդների հետ լուսանկարվելու ընթացքում լրագրողների հետ զրուցելիս, հայտնում է Fox News-ը։
«Կարծում եմ՝ մենք շատ մոտ ենք դրան հասնելուն»,- ասել է Թրամփը։
Նա նշել է, որ պատերազմը հսկայական թվով կյանքեր է խլում։ ԱՄՆ նախագահը հիշատակել է կորուստները, որոնք, իր պնդմամբ, ամսական կազմում են մոտ 25 հազար մարդ, և հայտարարել, որ անցած ամիս այդ ցուցանիշը հասել է 32 հազարի։
Թրամփը մտադիր է հակամարտության կարգավորումը քննարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ առաջիկա բանակցությունների ընթացքում։ Երեք առաջնորդների հանդիպումը նախատեսված է այս շաբաթ Չինաստանի Շենչժեն քաղաքում՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի շրջանակում։
ԱՄՆ նախագահը չի բացառել նաև Պուտինի հետ առանձին հանդիպումը, եթե նման հնարավորություն ընձեռվի։
CBS News-ի և Associated Press-ի տվյալներով՝ Թրամփի ասիական այցը ներառում է միջազգային անվտանգության և առևտրատնտեսական հարաբերությունների հարցերով բանակցություններ։





























